ԱՄՆ Կանզաս պահպանողական նահանգում աբորտի իրավունքի պահպանման համար քվեարկություն է անցկացվել․ բնակիչների մեծ մասը կողմ է քվեարկել նահանգի սահմանադրությամբ աբորտի իրավունքի պահպանմանը։
Կանզասն առաջին նահանգն է, որտեղ անցկացվել է քվեարկություն՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքի համար․ սպասվում է, որ աշնանը այն կանցկացվի նաև Կենտուկիում, Կալիֆոռնիայում, Միչիգանում և Վերմոնտում։
Հունիսի 24-ին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել «Ռոուն ընդդեմ Ուեյդի» (Roe v. Wade) գործով 1973 թվականի որոշումը, որը երաշխավորում էր աբորտ անելու կանանց սահմանադրական իրավունքը։ Սա հնարավոր էր դարձել շնորհիվ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գերագույն դատարանի մի շարք պահպանողական դատավորների նշանակման․ այժմ 9 դատավորներից 6-ը պահպանողական են։
Կանզասի քվեարկության ձայների 98%-ի հաշվարկի արդյունքներով՝ աբորտի իրավունքը պահպանելուն կողմ է քվեարկել մարդկանց շուրջ 59%-ը, համապատասխանաբար 41%-ը դեմ է քվեարկել, հայտնում է Edison Research-ը։
Կարևոր է նաև այն, որ դատարանները իրավունք կունենան չեղարկել հղիությունն ընդհատելու ցանկացած արգելք, որը կարող է ընդունվել Կանզասի օրենսդիր մարմնի կողմից, գրում է Bloomberg-ը։ Սրա շնորհիվ, անգամ պահպանողական օրենսդիր մարմնի միջամտության դեպքում, աբորտի իրավունքը կմնա ուժի մեջ։
Այժմ Տեխասից, Օկլահոմային, Միսսուրիից և մի շարք այլ նահանգներից շատուշատ կանայք Կանզաս են մեկնում՝ աբորտ անելու համար։
Այսօրվա դրությամբ՝ հղիության արհեստական ընդհատումն արգելված է 10 նահանգներում, 2 նահանգներում արգելքը ուժի մեջ կմտնի օգոստոսի մեջ, ևս 5-ում՝ աբորտն արգելող օրենքների գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։ Միաժամանակ առնվազն 16 նահանգներ, այդ թվում՝ Վաշինգտոնը, ընդունել են օրենքներ որոնք օրինական են դարձնում աբորտը նույնիսկ՝ առանց «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշման։
Հիշեցնենք, որ ըստ չեղարկած «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշման՝
— հղիության առաջին երեք ամիսներին տրվում էր աբորտի բացարձակ իրավունք,
— կառավարության կողմից որոշակիորեն կարգավորվում էր հղիության երկրորդ եռամսյակում աբորտ անելու հնարավորությունը,
— սահմանափակվում կամ արգելվում էր հղիության արհեստական ընդհատումները վերջին եռամսյակում, քանի որ պտուղն արդեն կարող է ապրել արգանդից դուրս,
— հղիության վերջին եռամսյակում կինը կարող էր աբորտ անել՝ չնայած օրինական արգելքին, միայն այն դեպքում, եթե բժիշկները հաստատեն, որ դա անհրաժեշտ է փրկելու նրա կյանքը կամ առողջությունը: