Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ամենամեծ մարտահրավերը ռազմական բնույթի սպառնալիքներն են՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» համաժողովին։
Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ հայաստանցիները վերջին երեք տարիներին երկու անգամ «նախընտրել են ժողովրդավարությունն ավտորիտարիզմից»․ 2021-ին, ըստ նրա, «հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին»։
Համաժողովն առցանց էր ընթանում։ Բացման արարողությունը տեղի ունեցավ նախօրեին։ Ելույթ էր ունենում ժողովի նախաձեռնողը։
«Ժողովրդավարությունը վտանգված է ավտորիտարների կողմից, – հայտարարում էր Ջո Բայդենը․ – Նրանք ձգտում են ընդլայնել իրենց իշխանությունը և ազդեցությունը, արդարացնել բռնաճնշումները»։
Նրա կարծիքով՝ մենք կանգնած ենք պատմության շրջադարձային կետում․ «Թույլ կտանք, որ իրավունքների և ժողովրդավարության հետընթացը շարունակվի՞, թե՞ միասին տեսլական և խիզախություն կունենանք՝ կրկին առաջնորդելու մարդկության առաջընթացի և մարդու ազատության երթը»։
Համաժողովը երկար ժամանակ գովազդվում էր, բայց մինչև վերջ ստույգ հայտնի չէր՝ ովքեր են ներառվել մասնակիցների ցանկում։ Հյուրերի կազմը հրապարակվել է դեկտեմբերի 7-ին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:
Եվրոպական երկրներից հրավեր չեն ստացել միայն երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինան և Հունգարիան, որն, ի դեպ, Եվրամիության անդամ է։ Համաժողովին չեն մասնակցում նաև Ռուսաստանի, Չինաստանը, Թուրքիան (ՆԱՏՈ անդամ), Ադրբեջանը։ Փոխարենը՝ ներկայացված էր Վրաստանը։
Մերձավոր Արևելքից մասնակցում են միայն Իսրայելն ու Իրաքը․ ԱՄՆ-ի արաբ դաշնակիցները՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները, նույնպես հրավիրված չէին:
Փոխարենը հրավիրվել է Թայվանը, որին Չինաստանն իր տարածքի մաս է համարում։ Պեկինը սա անարձագանք չի թողել։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե Թայվանին հրավիրելը ի ցույց է դնում, որ Միացյալ Նահանգները ժողովրդավարությունն օգտագործում է զուտ որպես «պատրվակ և գործիք՝ իր աշխարհաքաղաքական նպատակներն առաջ տանելու, աշխարհը պառակտելու, սեփական շահերի համար»
Վաշինգտոնում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանները համատեղ հայտարարությամբ հանդես են եկել՝ դատապարտելով Բայդենին «սառը պատերազմի պառակտիչ մտածելակերպ» որդեգրելու համար և արդարանալով՝ իրենց երկրներում էլ է ժողովրդավարություն, պարզապես՝ «այլ մոդելի»։