ԱՄՆ Կենտրոնական հետախուզության ծառայության (CIA) տնօրեն Ուիլյամ Բըրնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան։
Այս մասին, հղվելով իր աղբյուրներին, գրել է Sputnik Արմենիան, ըստ որի Բըրնսի (չհայտարարված) այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։
Հայաստանի ԱԱԾ-ն և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկությունը ո՛չ հաստատել են, ո՛չ էլ հերքել։
Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանն» ասել են, թե Բըրնսի երևանյան այցի վերաբերյալ այս պահին տեղեկություն չունեն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից CIA-ի ղեկավարի Հայաստան այցելելու մասին լուրը մեկնաբանել հրաժարվել են։
Բըրնսի հայտնի ամերիկացի դիվանագետ է։ 2009-ին մի քանի ամսին զբաղեցրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարի, 2011—2014-ին՝ պետքարտուղարի տեղակալի պաշտոնները։ Մինչ այդ եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան (2005—2008), ավելի վաղ՝ Հորդանանում ԱՄՆ դեսպան (1998—2001)։ 2021 թվականից CIA-ի՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության ծառայության տնօրեն է։
update. _ Հուլիսի 15-ի երեկոյան Հայաստանի կառավարությունը հաստատել է Բըրնսի այցի մասին տեղեկությունները։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) ղեկավար Ուիլյամ Բըրնսին», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են «միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին» վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։
«Առկա սակավ տեղեկությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ պարզապես Երևանը կամ Հայաստանը ընտրվել է վայր Ռուսաստանի հետ ինչ-որ գաղտնի բանակցություններ անցկացնելու համար, որովհետև իմ ունեցած տեղեկություններով` այս օրերին այս նպատակով Երևան են ժամանել նաև ռուս և ամերիկյան փորձագետներ, և օրինակ` այդպիսի հանդիպման մասին ես տեղյակ եմ, ուստի կարող եմ ենթադրել, որ Բըրնսի այցը ևս կարող է այդ համատեքստում լինել», – «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Այցի գլխավոր թեման, ըստ նրա, Ուկրաինան է, անվտանգային իրավիճակը Եվրոպայում, անվտանգային հարցերը․ «Հայաստանն ինչ-որ առումով չեզոք երկիր է, չնայած լինելով Ռուսաստանի դաշնակից` ուկրաինական պատերազմի նկատմամբ չեզոք է դիրքավորվել, ունի լավ հարաբերություններ թե՛ Միացյալ Նահանգների հետ և թե՛ Ռուսաստանի հետ և երկու երկրների համար էլ ընդունելի վայր է, ենթադրում եմ, նմանատիպ հանդիպումների համար»: