Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթը հոկտեմբերի 6-ից իրականացվում է Հայաստանի տարածքով, հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL):
Ըստ AZAL-ի՝ չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև կնվազեցնի թռիչքի ընթացքում վառելիքի սպառումը:
Լուրը հաստատվել է նաև Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից», – ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Կոմիտեն նաև շեշտել է՝ «այս ողջ ընթացքում» Երևանի «Զվարթնից» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով իրականացվել ու իրականացվում են չվերթներ դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ։
«Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում: Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»,- եզրափակել է Քաղավիացիայի կոմիտեն։