Արևելքը Արևմուտքին կապող կոմունիկացիաների ապաշրջափակում
Կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումների նույնականությունը։ Կառավարության այսօրվա նիստին՝ անդրադառնալով մոսկովյան իր այցին և Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին, այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը։ Այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել արևելքը արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով», – նշել է Փաշինյանը։
Մինսկի խումբ
Վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահի հետ վերջին բանակցությունների արդյունքներից է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով․
«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն։ Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել»։
Ռուս խաղաղապահներ
Փաշինյանի խոսքով՝ այս ֆոնին չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարագել գործելը։
«Այս առումով Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն։ Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու՝ Փառուխի հատված, չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսանկետից, և հույս ուննեք, որ խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը», – նշել է պաշտոնյան։
Արայիկ Հարությունյանը տեղյակ է
ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին Փաշինյանը «աշխատանքային կարգով» տեղյակ է պահել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահին։
«Այս գործելակերպը նորություն չէ։ Այսպես վարվել եմ միշտ՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Արցախի նախագահն էլ իր հերթին ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին», – նշել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ ինքը մշտապես պատրաստակամություն է հայտնել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, սակայն, նրա խոսքով, վերջիններս հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, «որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և դրանք դնեն իրենց գործունեության հիմքում»։
Ղարաբաղի հարցի կարգավորման ոչ մի նախագիծ դեռ չկա
«2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին։ Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ, ուշադրություն դարձրեք՝ ոչ մի նախագիծ կամ սևագիր, որ սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։ Կրկնում եմ՝ ոչ մի անգամ նման նախագիծ կամ սևագիր չի եղել, նկատի ունեմ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։
Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն․ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է», – հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով՝ եթե Արցախը հանձնող լինեին, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէին ծախսի՝ արցախցիների վերադարձն իրենց տներ ապահովելու համար։
Արցախը պահել, ըստ Փաշինյանի, նշանակում է արցախցուն պահել Արցախում․ «Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ՛»։
«Բացառում եմ, որ պարզապես գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում», – նշել է նա։
Ըստ Փաշինյանի՝ պատերազմի պայմաններում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր՝ հազարավոր արցախցիների, 25 000 զինվորի կյանքը, Արցախը հայաթափումից փրկելու համար։ Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի հետ համեմատություններն այս առումով, ըստ նրա, պարզապես տեղին չեն․
«Մեր ողջ քաղաքականությունն հենց նրան է ուղղված, որ ստիպված չլինեն նման պայմաններում որոշումներ ընդունել։ Այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է։ Դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է և մեր արձագանքը [առնչվում է հիմնականում արցախահայության անվտանգության երաշխիքներին և ԼՂ կարգավիճակի հստակեցմանը], որն ամբողջությամբ հրապարակվել է հարցազրույցների և ելույթների ընթացքում։ Այս գործելակերպը մենք շարունակելու ենք նաև հետագայում՝ այնքանով, որքանով դա թույլ կտա դիվանագիտական միջպետական հարաբերությունների էթիկան»։
Արցախի հարցի նշաձողը
Փաշինյանն տարակուսանք է արտահայտել նաև «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին» իր հայտարարություններին «հաջորդած շահարկումների, թե՝ նախկինում հայտնի չի եղել նման որևէ հորդորի մասին»։
«ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թվականին Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ էին, քան նշաձողը իջեցնելու փաստաթուղթ․ այդ փաստաթղթի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով՝ տասնամյակներով, եթե ոչ ավել։ 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև ԼՂ կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում՝ այնպիսի ատյաններին, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Նշաձողը իջնեցնելու այդպիսի հորդոր էր նաև ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը։ Այդպիսի հորդոր էր 1999 թվականի «Ընդհանուր պետության» գաղափարը։ Նշաձողը իջեցնելու այդպիսի հորդոր էր նաև 2001 թվականի Քի Վեսթյան գործընթացը, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016 թվականի հունվար, հուլիս, օգոստոսի երեք առաջարկները։ Նշաձողը իջեցնելու ուղիղ կամ անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած տարբեր փաստաթղթեր։
Եվ այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել», – ասել է վարչապետը։
[Վերոհիշյալ փաստաթղթերի/առաջարկների մասին հանգամանորեն՝ Գայանե Այվազյանի հոդվածում]
Փաշինյանի խոսքով, իրենց մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում՝ այնպես, որ իրեն զգա ղարաբաղցի, արցախցի, հայ։
«ԼՂ խնդրի որևէ հանգուցալուծում, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և չի լինելու երբեք։ Սա է հարցի առանցքը, մնացածը, կներեք, բաժակաճառ է», – եզրափակել է պաշտոնյան։