Home / Հայաստան / Ահա թե ինչու հրապարակում այսքան Rolls Royce կա

Ահա թե ինչու հրապարակում այսքան Rolls Royce կա

Ճանապարհին հանդիպած ծանոթներս հորդորում էին զգույշ լինել․ ընդդիմության մայիսմեկյան հանրահավաքին ընդառաջ հնարավոր սադրանքների կամ կառավարական շենքեր գրավելու մասին հաղորդագրություններին զուգահեռ մարդիկ առավոտից փորձում էին գուշակել, թե կոնկրետ ի՞նչն է «Արցախը վերադարձնողների» կամ «թալանը հետ բերողների» ուզածը, եթե ոչ պարզապես իշխանությունը։

Ընդդիմադիրները վստահեցնում են, որ հանրային մեծ ճնշմամբ հասնելու են կառավարության հրաժարականին, և մայիսի 1-ից իրենց պայքարի վճռական փուլն է մեկնարկելու: Հանրահավաքի ընթացքում հայտարարեցին վրաններ տեղադրելու և վաղվանից անհնազանդության միջոցառումներ սկսելու մասին։ Սա գրագողության միակ օրինակը չէ։ Թվում է՝ վրեժ են լուծում՝ կարգախոսներն ու կոչերը վերաձևակերպելով կամ դրանք այժմյան իշխանություններին հասցեագրելով։ Արտահերթ ընտրությունների մասին այլևս չեն խոսում․ դրանք եղել են, այն էլ՝ պատերազմից հետո, արդյունքները հայտնի են։ Եթե իրե՛նք են ցանկանում ընտրություններ անցկացնել, քանի որ իրենց ուզած արդյունքին այլ կերպ հասնել չի հաջողվում, դա նույնն է՝ ինչ խոստովանեն, որ առանց կեղծելու ընտրվել չեն կարող։ Նմանատիպ մտքեր գրեթե ամեն օր եմ լսում։

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» ու Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքները միավորել են նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչների։ Հրապարակում էին Երևանի նախկին փոխոստիկանապետ, Հայաստանի նախկին ոստիկանապետ (նշանակվել էր վարչապետի պաշտոնը նոր զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ) Վալերի Օսիպյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ժամանակին Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում աշխատած կուրսեցիս (միջոցառումից առաջ ֆեյսբուքում գրել էր, որ «Հակապետությունը պետք է պարտվի Պետությանը», ու կոչ արել բոլորին նշված ժամին գնալ դեպի Ֆրանսիայի հրապարակ), Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԽՍՀ Հայաստանի կոմկուսի) վերջին քարտուղար և Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջին քարտուղար Արամ Սարգսյանը, տարիներ շարունակ ադրբեջանահայ փախստականների հարցերով զբաղվող մի կին, 90-ականներից պետական գործակալություններում աշխատած լրագրողներ, որոնք 2018-ից հետո սոցցանցերում բուռն ընդդիմադիր գործունեություն են ծավալում ու հիմնականում ռուսերեն գրում, «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված, իսկ հետագայում՝ մանդատը վայր դրած հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը և այլոք։

Հանրահավաքի հայտարարված մեկնարկից կես ժամ անց մի քանի երիտասարդի նկատեցի՝ բուլկիներով ու ջրի շշերով լի տոպրակները ձեռքներին։ Նաև տղամարդկանց՝ տարածքով թափառող խմբեր․ նրանք պարբերաբար մեկնաբանում էին իրենց առջև բացվող տեսարանները․ «արա, բայց էս թազա մլիցեքը նենց վատը չեն», «ընգեր, վճռականիդ համար էսի քիչ ա»։

Նախորդ տարիների ցույցերին հնչած կարգախոսները լսելիս, թվում էր, որ հիմիկվա ընդդիմությունը դիտմամբ ուզում է արժեզրկել իրենց պաշտոնավարումից դժգոհ ու վերջին 10-15 տարիների ընթացքում փողոց դուրս եկած քաղաքացիների պայքարը։

Հանրահավաքի մասնակիցներից շատերի շապիկների վրա Ղարաբաղի դրոշն էր փակցված, պարբերաբար լսվում էր նաև բարբառը։

Երկու կին էին զբոսնելով անցնում։ Մի պահ լսեցի նրանցից մեկի ձայնը։ Ռուսերենով ասում էր իր՝ Կիրովաբադում ծնվելու մասին (գուցե, պետք է նշել, որ ինքս էլ Կիրովաբադում եմ ծնվել)։

Մինչ կանգնած հետևում էի անցուդարձին, մի տղամարդ մոտեցավ ու հետաքրքրվեց՝ արդյոք անգլերեն խոսո՞ւմ եմ։ Մտածում էր՝ մարդիկ աշխատավորների օրն են նշում, զարմացած էր հավաքվածների քանակից։

«Հունաստանում էլ կոմունիստներ կան՝ մոտ 4 տոկոս են կազմում։ Մայիսի մեկին դուրս են գալիս, զբոսնում», – ասաց նա։ Երբ իմացավ, որ ընդդիմության հավաք է, իսկ ընդդիմության շարքերում են նախկինում իշխանության ղեկին կանգնածները, նկատեց․ «Ահա թե ինչու տարածքում այսքան շատ Rolls Royce կա»։

Ալլա Մանվելյան