Պարզվել է 2 օր առաջ Գյումրիում ընդդիմադիր շարժման երթի ժամանակ մի խումբ տարեց քաղաքացիների ծեծի ենթարկողներից ևս մեկ երիտասարդի ինքնությունը. նա Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է, որը ևս գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Մարտոյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ավելի վաղ «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր երկու անձ․ նրանցից մեկը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակ Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուսը՝ ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանը:
Դեպքը տեղի էր ունեցել Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում․ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին նշված վայրում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի անձի: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ են եղել: Դեպքը տեղի էր ունեցել, երբ ընդդիմադիր ուժերն ավտոերթով Գյումրի էին գնացել՝ հանրահավաք անելու։
Ավելի ուշ ծեծի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: