Երեկ 1-ին զանգվածի Ծիրան սուպերմարկետի դրամարկղի մոտ կանգնած էի 16 տարեկան քրոջս հետ։ Լսեցի՝ 4 անգլերեն խոսացող երիտասարդներ՝ հագուկապով տարբերվող, ևս 4 հայ երիտասարդ տղաների հետ վիճում էին ինչ-որ հարցի շուրջ։ Երիտասարդներից մեկը աչքի դիմահարդարումով էր։
Քանի որ վեճի մասնակիցները իրար չէին հասկանում, ես էլ առանձնապես ոչինչ չէի հասկանում, մինչև այն պահը, երբ մյուս դրամարկղի հաճախորդը որոշեց արտահայտվել․ «Չեմ սիրում էլի սրանց։ Եկել լցվել են ստեղ։ Չեմ սիրում ես տենց բաներ»։ Գանձապահը, համաձայնվելով, հարցրեց մյուս գանձապահին՝ ինչ է լինելու անգլախոս երիտասարդների հետ։
Գանձապահը, ապրանքներս լցնելով տոպրակի մեջ, շատ հանգիստ տոնով ասաց․
— Գնացել ա տփի դրան, էն մեյք ափովին։
— Ո՞վ, – հարցրեց մյուս գանձապահը։
— Մեր Հասոյի տղեն։
Ես ու քույրս անհանգստացած արագ դուրս եկանք սուպերմարկետից։ Անգլախոս երիտասարդները, հավանաբար, հասցրել էին արագ փախչել տարածքից։ Հայ երիտասարդները կանգնած էին սուպերմարկետի դռների մոտ, չկարողացա կողմնորոշվել՝ բոլորն են, թե՞ պակասող անձինք կան։ Որոշեցինք սպասել մի փոքր, այնուհետև հեռացանք։
Քույրս տուն գնալու ամբողջ ճանապարհին մտածում էր անգլախոս երիտասարդների ճակատագրի մասին ու նյարդայնացած կիսվում ինձ հետ, որ այլևս չի ցանկանում ապրել նման երկրում։