Խանութի սեփականատերը կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներն ստացել է հաճախորդի կողմից դիմակ չկրելու շուրջ վիճաբանության ժամանակ, գործն ուղարկվել է դատարան:
Ըստ պաշտոնական Քննչական կոմիտեի՝ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում գործող խանութում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ, 30-ամյա տղամարդու, քննությամբ դեռևս չպարզված անձանց և խանութի սեփականատիրոջ միջև՝ առանց դիմակի խանութ մուտք գործելու շուրջ, ինչը շարունակվել է նաև խանութից դուրս՝ շենքի կողային հատվածում:
Համաձայն քրգործի՝ 30-ամյա վանաձորցին ընկերների հետ խմբով, ձեռքերով ու ոտքերով, իսկ 30-ամյա տղամարդը՝ նաև քարի գործադրմամբ, անկանոն հարվածներ են հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին, որից հետո տուժողին թողնելով դեպքի վայրում՝ վերջինիս կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 10-ը տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Միջադեպին մասնակից մյուս անձանց մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: