Home / Հայաստան / Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամին ծեծել և դանակահարել են

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամին ծեծել և դանակահարել են

Օգոստոսի 1-ի գիշերը դիմակավորված անձինք ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» անդամ, 42-ամյա Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։

«Գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք՝ մահակներով և դանակներով, ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։

Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չենք ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարենք նախաքննության ընթացքին», – գրել է ավագանու «Իմ քայլի» խմբակցությունը։

Անտոնյանը Երևանի ավագանու կազմում է 2018 թվականից։ Նա նաև «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն է։

Tekali Taxi