Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը (դաշնակցականներ, Սյունիքի նախկին համայնքապետեր) և ԱԱԾ նախկին պետի գլխավորած «Պատիվ ունեմ»-ը, որի մեջ է մտնում նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, դուրս են եկել «հեղափոխության»։
Շաբաթվա սկզբից Հայաստանում ամեն օր ակցիաներ էին․ հսկայական մեդիա ռեսուրսներ ունեցող ընդդիմությունը պիկետների, երթերի և փողոցներ փակելու միջոցով իրազեկում էր մայիսի 1-ի «վճռական» հանրահավաքի մասին։
«Պայքարի ռազմավարությունը» նմանակում է 2018 թվականի հեղափոխությանը․ մինչ երիտասարդ դաշնակները, Արթուր Վանեցյանի ընտանիքի անդամները, Երևանի նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և այլոք փորձում էին փողոցներ փակել, ընդդիմադիր պատգամավորները Հայաստանի տարբեր բնակավայրերից ոտքով շարժվում էին դեպի Երևան։
Այժմ նրանք տեղակայվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկվել էր նաև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը։ Ինչպես և 2018 թվականին՝ հրապարակում վրաններ են տեղադրվել․ շարժման մեծահարուստ առաջնորդներից և մարզերից ժամանած ցուցարարներից շատերը նախատեսում են գիշերել այստեղ։
Առավոտյան՝ մոտավորապես այնպես, ինչպես 2018-ին էր, ժամը 8։30-ին՝ ճիշտ այնպես, ինչպես Թավշյա հեղափոխության ժամանակ, ցուցարարները մտադիր են անցնել «անհնազանդության ակցիաների»՝ փակել փողոցները, մայրուղիները, կամուրջները․․․
Ի՞նչ է պահանջում ընդդիմությունը։
Պահանջում է «Զարթնիր, լաո», «Առանց թուրքի Հայաստան», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Նախորդ հանրահավաքներից մեկի ժամանակ ընդդիմադիրները մի մանիֆեստ էին հրապարակել, որում կետ առ կետ ձևակերպել էին գործող իշխանություններին ուղղված պահանջները։ Ցանկությունների այդ շարքը արտահայտում է Ղարաբաղյան կարգավորման մասին նրանց պատկերացումները, որոնց իրագործելիության աստիճանը մնում է շատ հարցադրելի։
Ընդդիմության ծրագրի մասին խոսեցին նաև այսօր։
«Առանց թուրքի Հայաստանը չէ՞ արդյոք մեր օրակարգը», – հարցրեց հանրահավաքը վարող երիտասարդ դաշնակցականը։ «Այո՜», – պատասխանեց ամբոխը։
Ի՞նչ է սա նշանակում։ Պարզ է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց պարզ չէ, թե ինչ է պատրաստվում անել դրանից հետո։
Փողոցային իշխանափոխության նախորդ փորձը հաջորդեց 44-օրյա պատերազմի զինադադարի հայտարարությանը։ Իշխանությունն այն ժամանակ արտահերթ ընտրություններ հայտարարեց։ Ընտրություններում քվեների 54 տոկոսով հաղթեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը։ Խախտումներ չարձանագրվեցին։ Ընդդիմությունը հեռացավ փողոցից, վերցրեց իր 36 մանդատները և գնաց խորհրդարան։
Այժմ՝ մեկ տարի անց, այն կրկին փողոցում է․ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե Փաշինյանը «մանդատ չունի» և իրենք այժմ ցույց են տալու, որ «չունի նաև իշխանություն»։
Ներածական ելույթն ամփոփելով՝ Սաղաթելյանը առաջարկեց հետևյալը․
«Եկեք միասին՝ այ սենց միասնական, այ սենց ամբողջական, մի հատ ջիգյարով ու վերջնական «Զարթնիր, լաո»-ն երգենք, ժողովուրդ ջան»։
«Հավերժական Հայաստան լինելո՛ւ է», – ամբիոնից վանկարկեց հաջորդ բանախոսը։
«Մենք մեր երթը սկսեցինք Դրոյի շիրմաքարի մոտից՝ այնտեղից, որտեղ Դրոն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան։ Հերոս Դրոն չթողեց, որ թուրքը մտնի Հայաստան։ Դրոն մեզ Հայաստան թողեց, որ մենք թույլ չտանք, որ թուրքը մտնի էս երկիր», – հավելեց Շիրակի նախկին մարզպետ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։
Բարձրախոսը փոխանցվեց դաշնակցական Գեղամ Մանուկյանին․ նրա մեջքին խաչ էր, ձեռքին՝ Ղարաբաղի դրոշը։ Մանուկյանը Երևան էր քայլել Սարդարապատից։
«Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Բեկ-Փիրումյաններն էին։ Ամենահերոսականները Ղարաբաղի մահապարտ գունդն էր։ Հիմա հերթը մե՛րն է», – հայտարարեց դաշնակը։
Մանուկյանը բարձրախոսը փոխանցեց մանկահասակ մի տղայի։ Արմենն էր։ Ըստ Մանուկյանի՝ մայրիկի հետ միասին նա իրենց է միացել Էջմիածնում։
Մանուկյան․ — Արմեն ջան, ինչի՞ ես ուզում քայլել։
Արմեն․ — Ուզում եմ քայլել իմ Հայաստանի և Արցախի, իմ հայրենիքի, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում։
Մանուկյանը հետ վերցրեց բարձրախոսը։
Ամփոփեց․ «Մենք բոլորս քայլեցինք Արմենի և Արմենների նման»։
Խոսեց նաև նախկին հաղորդավար, ներկա պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ «Նիկոլի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել։ Նիկոլ էլ չկա»։
Մամիջանյանը հայտարարեց, որ չի ուզում Շուշիի մասին երգեր երգել, ուզում է Շուշիում երգել ու պարել։
Ընդդիմադիր պատգամավորը խոստացավ, որ իրենց իշխանության գալուց հետո Հայաստանում լինելու է «միայն մեկ տեսակի պետական միջոցների վատնում»՝ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին «բերդում պահելը»։
— Նիկոլ, դու պետք է գնաս, – հավելեց Մամիջանյանը։
— Մահապատի՜ժ, – վանկարկեցին ամբոխից։
Հերթը հասավ Մարտի 1-ի գործով նախկին ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նախկին փաստաբան, այժմ՝ նրա ղեկավարած դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանին․ «Մենք էն ազգն ենք, որ ունենք փառահեղ պատմություն, փառահեղ հաղթանակներ, փառահեղ հերոսներ, մենք էն ազգն ենք, որ ունեցել է Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան։ Մենք հերոսների ազգ ենք, մենք ունենք տաղանդավոր մարդիկ, հանճարներ։ Ո՞նց կարանք մենք կզած լինենք»։
Սաղաթելյանը տեղեկացրեց հետագա անելիքների մասին՝ վրաններ տեղադրել, առավոտվանից փակել փողոցները, հայտարարել դասադուլներ և գործադուլները։
Խոսափողը փոխանցվեց երգչուհի, հանրապետական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին։
Պետրոսյանը երգեց։
(հատված երգից)
․․․Արցախի հողում սիրտն է իմ դողում,
Զգում եմ շունչը մեր տղերքի․․․
(հատված երգից)
․․․Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրն է քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել․․․
(հատված երգից)
․․․Տղերք, ես ձեզ հետ խրամատում եմ,
Ձեր սուրբ մայրերի փոխարեն․․․
(հատված երգից)
․․․Ամեն թշնամի չէ, որ մարդ չէ,
Բայց մերը մայրեր չեն բերել․․․
(հատված երգից)
․․․Արցախ, Արցախ,
Լույս ես ինձ համար,
Արցախ, իմ սիրտ,
Քեզ սիրում եմ, քեզանով շնչում եմ ես․․․
Ելույթ ունեցավ նաև Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի բանակային կարիերան սկսվել է դեռ խորհրդային ժամանակներից։ Հայաստանի անկախացումից ի վեր Օհանյանը զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ՝ հասնելով գեներալ-գնդապետի բարձրագույն զինվորական կոչմանը, ինչը չի խանգարել նրան կուտակել տպավորիչ ֆինանսական կարողություններ, օրինակ՝ մոտ 40 սենյականոց դղյակ կառուցել էլիտար Վահագնի թաղամասում։ Այժմ նա ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը։
«Պայքար, պայքար մինչև վերջ», – վանկարկեց պաշտոնաթող նախարարը։
Օհանյանը շարունակեց․ «Անցած դարասկզբին Արամ Մանուկյանը այսպիսի մի արտահայտություն է արել․ «Ժողովուրդ, եկել է ժամանակը, որ հայ մայրը, գնահատելով իր պաշտոնի վեհությունը, զոհաբերի իր զավակներին․ եթե դա չարվի, ապա կորցված է մեր հայ ժողովրդի ապագան»։ Իսկ Գարեգին Նժդեհը այսպիսի մի արտահայտություն է արել․ «Հայրենիքս ես եմ, ընտանիքս, ազգս, մայրենիս և այն տարածքները, ուր կհասցնեմ իմ զենքի փառքը»։ Ուզում եմ ձեզ ասել հետևյալը՝ մենք, խոնարհվելով մեր բոլոր արյուն թափած, զոհված ազատամարտիկների, զինվորականների, սպաների, որդիների, նրանց հիշատակի, շիրիմների առջև, այնուամենայնիվ պետք է հասկանանք՝ պայքարն է փրկությունը»։
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի