Ռուսական պետական հեռուստաալիքն «անդրադարձել է» հայաստանյան նախկին նախագահների և նրանց թիմակիցների նախաձեռնած բողոքի արշավին․ «Ռոսսիա 24»-ի հաղորդավարի խոսքերով՝ Հայաստանում ընդդիմությունը «կրկին բողոքի զանգվածային ակցիաներ է անում»՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ճիշտ է՝ տեսանյութում, որն ուղեկցում է նրա տեքստը, Երևանը չէ․ կադրում երևացող ոստիկանների համազգեստը հիշեցնում է ֆրանսիացի ուժայիններին։ Հայաստանյան բողոքի ակցիաները «լուսաբանող» տեսահոլովակում նաև Բեռլինի փողոցներ են՝ գերմանացի ցուցարաների մայիսմեկյան ակցիաներով։ «Ռոսսիա 24»-ը այս կադրերը ներկայացնում է որպես հայաստանյան ընդդիմության բողոքի ցույցեր։
«Վերջին տվյալներով՝ ոստիկաններին հաջողվում է ապաշրջափակել որոշ մայրուղիները, իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին, բայց ակտիվիստների խմբերը կրկին արգելափակում են երթևեկությունը», – վերոհիշյալ կադրերի ֆոնին հայտարարում էր հաղորդավարը։
Մոտ մեկ օր անց՝ մայիսի 3-ի կեսօրից հետո, «Ռոսսիա 24»-ի rutube-ի պաշտոնական ալիքից տեսանյութը ջնջվել է։ Հրապարակման պահին այն այլևս հասանելի չէր։
Ի՞նչ է կատարվում
Այսօր առավոտյան ընդդիմության փոքրաթիվ խմբերը (շուրջ 5 խումբ) վերսկսել են բողոքի գործողությունները․ Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում մի շարք փողոցներ են փակվել։ Դրանք, որպես կանոն, կարճ ժամանակ անց բացվել են։
«Կենտրոնում գործող ցուցարարների խմբերը «փողոց փակելու» տակ հաճախ հասկանում են խաչմերուկը աղբամաններով փակելն ու այդ վիճակում թողել` գնալը։ Բնականաբար, ոստիկաններն ու վարորդները շատ արագ բացում են երթևեկություննեը (բայց դա արդեն չի լուսաբանվում յուրային լրատվամիջոցների կողմից)։
Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս երբեմն կիրառվում է ֆիզիկական ուժ: Հատուկ միջոցների կամ անհամաչափ ուժի կիրառում դեռ չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկաններ բանավոր առաջարկում են բացել փողոցը: Շարունակում են նկատվել համազգեստի վրա անհատական նույնականացման համար չկրող ոստիկանական խմբեր։
Եղել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվում վարորդների հետ, բայց դա կասեցվել է ժամանած ոստիկանների կողմից», – գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը մոնիթորինգ է իրականացնում լարվածության գրեթե բոլոր օջախներում։
Նախօրեին իրավապաշտպանները ահազանգել էին ոստիկանական բռնության մի քանի դեպքերի մասին, առնվազն երկու միջադեպի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել։ Այսօր նման միջադեպեր կարծես չեն արձանագրվել։
Քոչարյանի տղեն և այլ բերման ենթարկվածներ
Վերջին տվյալներով՝ փողոցների երթևեկությունը բացելիս առավոտից բերման է ենթարկվել 117 քաղաքացի: Բերման ենթարկվածների շարքում է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Շատ ափսոս, որ Ռոբերտ Քոչարյանի որդուն Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին։ Մենք և հասարակությունը տեսնեինք, թե ի՞նչ էր անելու իրեն ուղեկցող հաստավիզ տղամարդկանց և նորանոր հայհոյանքներ հորինող կանանց հետ։
Պետք է ասեմ, որ «Ռիո Մոլից» Բաղրամյան հասած այդ խումբը ամենաագրեսիվն էր. հայհոյում էին ոստիկաններին, ագրեսիվ կերպով կոնֆլիկտի էին բռնվում վարորդների հետ։ Մի քանի տեղ միայն ոստիկանների միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել խմբի ագրեսիվ անդամների կողմից վարորդների վրա ֆիզիկապես հարձակվելը», – Քոչարյանի տղու ձերբակալությունը մեկնաբանել է Իոաննիսյանը։
Ժամը 11։30-ի դրությամբ մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունն արդեն վերականգնված էր. փակ փողոցներ չկային։ Կենտրոնի տարբեր հատվածներում փոքրաթիվ երթեր էին։
ԵՊՀ-ի դռենրը և որոշ մայրուղիները
Ընդդիմադիրները մտել էին նաև Երևանի պետական համալսարանի որոշ մասնաճյուղեր՝ կոչ անելու դասախոսներին և ուսանողներին միանալ իրենց ցույցերին։
Քիչ առաջ ԵՊՀ-ն հաղորդագրություն տարածեծ․ «Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ։ Ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։ Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։ Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը փակել է Երևան – Սևան ավտոճանապարհը։ Մայրուղու երթևեկությունը վերականգնվել է․ ըստ ոստիկանության՝ 8 անձ բերման է ենթարկվել։
Դանիել Իոաննիսյանը գրում է, որ ցուցարարները փակել են նաև Երևան-Էջմիածին (Փարաքյարի մոտ), Երևան-Արտաշատ (Այնթափում), Երևան-Աշտարակ (Աշտարակ չհասած), Երևան-Վանաձոր-Վրաստանի սահման (Վանաձոր մուտքի և Փամբակի մոտ) մայրուղիները։
Այնթափում ճանապարհը, կարծես, արդեն բաց է։
Հիշեցնենք, մայիսի 1-ի «վճռական» հանրահավաքին ընդդիմությունը՝ նմանակելով 2018 թվականի հեղափոխության ռազմավարությունը, հայտարարել էր, որ փակելու է Ֆրանսիայի հրապարակը, հաջորդ օրվա առավոտվանից էլ անցնելու է «անհնազանդության» գործողությունների՝ փողոցներ փակել, դասադուլներ անել և այլն։ «Վճռական» հանրահավաքին մասնակցում էր շուրջ 12 հազար, հաջորդ օրվա ամփոփիչ միտինգին՝ շուրջ 3800 մարդ։