Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է։
Մայիսի 2-ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպման ավարտին կողմերը քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերբերյալ փոխըմբռման հուշագիր են ստորագրել։ Մինչ այդ Բլինքենն ու Միրզոյանը հանդես են եկել կարճ հայտարարություններով։
ԱՄՆ պետքարտուղարը, ի թիվս այլի, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել «տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով հասնել բոլորիս նպատակին՝ տևական խաղաղությանը»։
Ամերիկացի դիվանագետը գովել է նաև ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու Հայաստանի վարչապետի, կառավարության ջանքերը և նշել, որ առաջընթացը պետք է շարունակական լինի։
Արարատ Միրզոյանն, իր հերթին, արձանագրել է՝ 2018 թվականի թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից հետո համախմբված ուժերով ու համատեղ ջանքերով հայ-ամերիկյան համագործակցության աստիճանը բարձրացել է ռազմավարական երկխոսության մակարդակի։
Միրզոյանը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն», – ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Միրզոյանը շնարհակալություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու ԱՄՆ-ի ջանքերի համար և բարձր գնահատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը ցուցաբերվեց նաև այս տարի։
Մայիսի 2-6-ը աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումներ վարչակազմի պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և ելույթ Ատլանտյան խորհուրդ կենտրոնում։