Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի արդեն երրորդ հանդիպումը։
Հայ և թուրք բանագնացները վերահաստատել են երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու նպատակը, հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն: Նույնաբովանդակ հաղորդագրությամբ է հանդես եկել նաև թուրքական կողմը։
«Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։
Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների», – ասված է հաղորդագրության մեջ։
Սահմանների վերաճշգրտման առաջարկը մերժվել է
Թուրքիայի արտգործնախարարը մայիսի 2-ին հայտարարել էր, թե Հայաստանի և Թուրքիայի միջև «համաձայնություն կա սահմանների վերաճշգրտման հարցում»: Ի՞նչպես են սահմանները վերաճշգրտվելու․ Մևլութ Չավուշօղլուն որպես օրինակ է բերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման ընդհանուր հանձնաժողովի ստեղծումը։
Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը՝ ՍիվիլՆեթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում նման ակնարկ եղել է, բայց հայկական կողմը կտրականապես մերժել է այն։
Աղաջանյանը նշել է նաև, որ Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում [հարաբերությունների կարգավորմանն ուղղված] քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում։
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին՝ Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին՝ Վիեննայում: Չնայած թուրքական կողմը պնդում է, թե եկել է բանակցությունները Երևան ու Անկարա տեղափոխելու ժամանակը, հայկական կողմի առաջարկով այս հանդիպումը ևս երրորդ երկրում է տեղի ունեցել: Հատուկ ներկայացուցիչների բանակցություններից բացի, մարտի 12-ին Անթալիայում կայացել է նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։