Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները միմյանց սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով․ անձնագրի անհրաժեշտություն չի լինի։
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Այսօր սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Իրակլի Ղարբաշվիլի գլխավորությամբ: Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի [միջև տնտեսական համագործակցության] միջկառավարական հերթական նիստը։ Այս նիստի շրջանակներում հույս ունենք նաև այս համաձայնագիրը ստորագրել», – նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է՝ հավելել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 2019 թվականի ընթացքում՝ նախքան համավարակը, 1 միլիոն 365 հազար Հայաստանի քաղաքացի է այցելել Վրաստան։ Քովիդ-սահմանափակումների պատճառով այս թիվը հետագայում նվազել է, բայց «առաջիկայում դինամիկան կվերականգնվի»։
Սահմանը հատելու կարգի պարզեցումը, Փաշինյանի խոսքով, որոշակի ռիսկեր կարող է առաջացնել, որոնք չեզոքացնելու ուղղությամբ «վրաց գործընկերների հետ առաջիկայում արդյունավետ աշխատանք կտարվի»։
Ներկայումս Հայաստանի և Վրաստանի միջև գործում է առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ․ անձը հաստատող փաստաթղթով Հայաստանի քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում: