Home / Ազգային ժողով / Խամաճիկային ընդդիմության հարցը լուծեց Ալիևը․ վարչապետ

Խամաճիկային ընդդիմության հարցը լուծեց Ալիևը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անշնորհակալ գործ է համարում գնահատական տալ, թե ինչո՞ւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա:

Իսպանական քաղաքում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 5-ին նախատեսվում էր Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը հնգակողմ ֆորմատով՝ ԵՄ նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Ադրբեջանին դուր չի եկել Ֆրանսիայի դիրքորոշումը՝ Արցախում իր գործողությունների նկատմամբ, Բաքուն քննադատել է նաև Եվրախորհրդի նախագահի հայտարարությունները, և հրաժարվել Գրանադայի բանակցություններից։

«Գիտեք, անշնորհակալ գործ է էս իրավիճակում գնահատականներ տալ, որովհետև գնահատականները՝ անկախ նրանից, ինչքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, որոշակի ազդեցություն են ունենալու իրավիճակի վրա։ Ամեն դեպքում, կարծում եմ, այսօր կարևոր խնդիր է, որ մենք կարողանանք էնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի և շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա»։

Դրանք՝ ըստ Փաշինյանի, արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը՝ ԵՄ ղեկավար Շառլ Միշելի կողմից արված հայտարարության մեջ․

– Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29.800 քառ. կմ է, Ադրբեջանինը՝ 86.600 քառ. կմ,

– Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք՝ սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար, և շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի, թե որ քարտեզների վրա է արվելու դա․ «Դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ, որ մեր դիրքորոշումը շատ կարծր է»,

– տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա:

Երեք այս սկզբունքները տեղ են գտել այն փաստաթղթում, որը կարող էր ստորագրվել վաղը Գրանադայում՝ հավելել է վարչապետը:

«Եթե այդ սկզբունքները վերահաստատվեին ու ստորագրվեր փաստաթուղթը, ես վստահ կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 տոկոսն անցել ենք, ընդ որում, 70 ամենադժվար տոկոսը», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայկական կողմը ցայսօր էլ հաստատում է Գրանադա այցելությունը՝ շատ կառուցողական և լավատես էր տրամադրված, «որովհետև կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստատթուղթ ստորագրելու»։

Պատասխանելով հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպման ու դրանից ակնկալիքների վերաբերյալ հարցին, վարչապետն ասաց․ «Հիշում եք, չէ՞, ինչ եղավ։ Մի քանի օր առաջ ասում էին՝ փակենք օդանավակայանի ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, գնում, էնտեղ ստորագրում ա մի փաստաթուղթ, որը չգիտեմ ինչ ա անելու, ինչ ա անելու, ինչ ա անելու․․․

Փաստաթուղթ, ասում եմ, շրջադարձային նշանակության, դա էն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ։ Հիմա, քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց, և հասկանալիորեն՝ օդանավակայանի ճանապարհը ոչ ոք չի կարող փակել, հետո տեսանք, թե ինչ եղավ․ պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ մեր մեղքով։ Իհարկե, դրանից մենք պետք է արձանագրենք, որ «խամաճիկային ընդդիմությունն» իր հերթական բոնուսները չի ստանա, որովհետև, ճիշտ է, հարցը լուծվել է, բայց իրենց ձեռքով չի լուծվել»։

Գրանադա այցելությունն, այնուամենայնիվ, չեղարկված չէ։ «Գրանադա մեր այցելությունը (պատվիրակությունով ենք մեկնում, նաև ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը) մենք չենք չեղարկել, մեկնում ենք, մենք էնտեղ ունենալու ենք հանդիպումներ, և, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել։ Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել, և ցավում եմ շատ, որ վաղն առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»։

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Ստացվում է, որ կոտրվում է հերթական կարծրատիպը, որ դուք մեկնում էիք Գրանադա՝ պրոադրբեջանական օրակարգով մի փաստաթուղթ ստորագրելու, որովհետև ինչպե՞ս այդ պարագայում Ադրբեջանն ինքն իր կամքով չէր մասնակցի պրոադրբեջանական փաստաթղթի ստորագրման գործընթացին <…>»։

Փաշինյանը նշեց, որ չի ուզում սխալ տպավորություն ստեղծվի, թե, ենթադրենք, ստորագրվելիք փաստաթուղթը հակասում կամ հարվածում, կամ էլ հակառակ է Ադրբեջանի շահերին և լիարժեք համապատասխանում է Հայաստանի շահերին․ «Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության և կայունության շահերին, որովհետև եթե որևէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որևէ մեկը չի ստորագրի այդ փաստաթուղթը, ոչ մեկն էլ չի կարող ստիպել։

Այլ բան, որ կան ուժեր, ովքեր տեսնում են, որ Հայաստանի սահմանների թիկունքում կան, իհարկե, շատ մարգինալացված, բայց, այնուամենայնիվ, խամաճիկային ուժեր, բայց նրանց կարելի է օգտագործել Հայաստանի շահերին ի վնաս՝ այդ հավասարակշռությունները կորցնելու համար, և, կարծում եմ, հենց այդ սցենարն են իրականացնում»։

ցածրացված/բարձրացված նշաձող․ ո՞վ է ուղղորդում ԼՂ-ին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Հայաստանը փորձեց ցածրացնել նշաձողը, սակայն դրան զուգահեռ՝ ԼՂ-ն բարձրացրեց։

«Այո, մենք ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը փորձեցինք ցածրացնել, մի գաղտնիք էլ ասեմ՝ ընդ որում՝ ԼՂ գործընկերների հետ համաձայնեցրած ձևով, բայց փոխարենն ի՞նչ տեղի ունեցավ․ մենք ցածրացրինք, ԼՂ-ն բարձրացրեց, ստեղ ա պրոբլեմը, և ԼՂ-ն բարձրացրեց․․․ կներեք, ես դա չեմ ասում խոցելու համար, բայց արեց ձեր քաջալերմամբ», – խորհրդարանական ընդդիմությանը դիմելով, ասաց վարչապետը։

Եթե Ղարաբաղն ընդհանուր պայմանավորվածությանը հավատարիմ մնար, պատկերը այլ կլիներ։

տե՛ս Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները

«Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը և ըմբռնումը պահեին, էդպես չէր լինի։ Մենք ասեցինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի, այո, միջազգային հանրությունը Սոֆիայում միջազգային մեխանիզմի շրջանակում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին, իսկ ինչի՞ չգնացինք, որովհետև ԼՂ-ին արգելեցին գնալ, ո՞վ արգելեց, այ էդ, ասում ա, ոչ մեկը չգիտի»,- ասաց վարչապետը։

տե՛ս Սա է կապիտուլյացիան․ ո՞նց եք, պարոններ

ամենաանարդար մեղադրանքը

«‎Ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է ընդհանրապես հնչել՝ բազմաթիվ հանգամանքների բերումով, որոնց  մասին էս ամբիոնից կարող եմ խոսել, և այլ հանգամանքների բերումով, որոնց մասին էս ամբիոնից չեմ կարող խոսել», – հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանը Ղարաբաղին մի միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել։ «‎ԼՂ-ն, մեծ հաշվով, իմ վերլուծությունն այն է, որ այս ընթացքում, բլոկադայից առաջ և այս ընթացքում․․․ նաև վերլուծությունս թույլ է տալիս ասելու, որ ինքնապաշտպանության առումով, դա իմ կարծիքն է, որևէ բանի պակաս չի ունեցել»։

Փաշինյանը նաև հիշեցրեց՝ չի ասել, որ Հայաստանը չի միջամտելու, «‎ես ասել եմ, որ նպատակը ռազմական գործողությունների մեջ ՀՀ-ին ներքաշելն է, և մենք ռազմական գործողությունների մեջ չենք ներքաշվելու, բայց մենք քաղաքական ամբողջական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին»։

տե՛ս Ղարաբաղը պայմանավորվել է առանց Հայաստանի․ վարչապետ

«‎Եթե ձեր մղումը և նպատակադրումն այն է՝ իսկապես հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում, ես ողջունում եմ դա և կողջունեմ մի պայմանով, որ մենք իսկապես պետք է խորապես հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և տեղի ունենում։ Եվ, այո, ուզում եմ ասել, որ այդ սադրանքի նպատակը և հիմնական թիրախը եղել է և ինչ-որ առումով շարունակում է մնալ ՀՀ-ն։

Ես՝ որպես ՀՀ վարչապետ, կներեք, ինչքան էլ դա բան հնչի, առաջին հերթին իմ պարտականությունն է ՀՀ անվտանգությունը ապահովելը, այդ թվում՝ ԼՂ մեր քույրերի եւ եղբայրների <…> որովհետև, պատկերացրեք, որ տեղ չլիներ, որտեղ նրանք կարողանային ապաստան գտնել, և պատկերացրեք, որ պետություն չլիներ, որ նրանց առաջնային կարիքը բավարարելու հնարավորություն ունենար։ Էսօր մենք ասում ենք՝ այո, որ մենք միջազգային օգնություն ենք ակնկալում, միջազգային օգնության կարիք ունենք, բայց էսօր ձեռք մեկնած աշխարհով ման չենք գալիս, թե մեզ երկու կոպեկ գցեք, որ մեր եղբարներն ու քույրերը սովահար չլինեն։

Այո, ես հայտարարել եմ, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում, և իմ հայտարարությունը և մոտիվացիան եղել է այն մասին, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ։ Ես կարող էի էնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս երեք հարյուր հոգի մարդ զոհվեր, դրանից ոչ մի բան չէր փոխվելու։ Իմ խնդիրն էն չի եղել, որ հայտարարություն անեմ, որ երեք հարյուր մարդ ավելի զոհվի։ Իմ խնդիրը եղել է՝ անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի, և ես ուրախ եմ, որ գուցե նաև իմ հայտարարության շնորհիվ, այնուամենայնիվ, 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ՝ դժվար, տառապալից, հոգեբանական ծանր վիճակում, եկել-հասել են ՀՀ, և շատ դաժան է․․․ Ուրախ եմ, որ իրենց պատշաճ ընդունելու հնարավորություն ունենք էսօր», – ասաց Փաշինյանը։

Իսկ էթնիկ զտման վերաբերյալ ՀՀ  դիրքորոշումները, Նիկոլ Փաշինյանի խոսքով, շատ հստակ են հնչել՝ նաև իր ելույթներում, ԱԳՆ հայտարարությունն էլ արտահայտում է ՀՀ կառավարության դիրքորոշումը։

«Այն մարդիկ, որոնք էթնիկ զտման զոհ են դարձել, նրանցից շուրջ 105 հազարը կենդանի, իրենց ոտով եկել են ՀՀ, բայց դա չի նշանակում, որ նրանք էթնիկ զտման զոհ չեն։

Իմ նախընտրությունը եղել է այն, որ թեկուզ մարդիկ էթնիկ զտման զոհ են, նրանք ողջ-առողջ գան հասնեն ՀՀ։ Եվ ոչ թե ես այդ խոսույթը ուժեղացնելու համար նենց բաներ անեմ, որ մարդիկ կամ նրանց մի հսկայական մասը զոհված գա հասնի ՀՀ, որ ես արյունոտ լուսանկարներ ունենամ ցույց տալու․․․

Ես հասկանում եմ, որ կարող է ձեր մոտեցումը մի փոքր այլ է, դուք ընդհանրապես միշտ էլ նախընտրում եք․․․ պատերազմից հետո էլ անընդհատ առանց որևէ փաստի ասում էիք՝ յոթ հազար զոհ կա, տասը հազար զոհ կա։ Դա, գուցե, ինչ-որ մարդկանց մխիթարում է, բայց ես այդ մոտեցմանը համաձայն չեմ, էլ չեմ ասում, որ կա ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում, որը այնտեղ տեղավորվել է այդ թվում իմ ստորագրությամբ և որի այնտեղ ուղարկելու առաքելությունը, նպատակը, պատասխանատվությունը ԼՂ-ում քաղաքացիական բնակչության սպանդը կանխարգելելն է»։