Home / Հայաստան / Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին տարել են Բաքու

Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին տարել են Բաքու

16։23 – Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար, հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Երևանը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է նա գտնվում։

15:48 – Լաչինի անցակետում ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, հաղորդել են Բաքվի իշխանությունները։ Երկրի սահմանապահ ծարայությունը նաև կադրեր է հրապարակել քաղգործչի ձերբակալությունից։

Ձերբակալման մասին ավելի վաղ հաղորդել էին ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները, այնուհետև լուրը հաստատել էր նաև նախկին պետնախարարի կինը։

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը ձերբակալման մասին տեղեկություններ չունի․ «Եթե նա Ռուսաստանի քաղաքացի է, Մոսկվան կստանձնի նրա իրավունքների պաշտպանությունը»:

Կոնտեքստ

Վարդանյանը ներառված է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ ավելի քան մեկ միլիարդ դոլարի տեսանելի ակտիվներ ունի։ Անցյալ տարվա սեպտեմբերին նա հայտարարեց ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու, Արցախ տեղափոխվելու և հայ ժողովրդի «էքզիստենցիալ Սարդարապատին» մասնակցելու մասին։ Սկզբում «Արցախի անվտանգության ճակատ» ձևավորվեց, հետո Վարդանյանը նշանակվեց պետնախարար։

Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ Բաքվից հայտարարում էին, թե Վարդանյանին Ստեփանակերտ է ուղարկել Մոսկվան՝ իրավիճակը սրելու և ապակայունացնելու համար։ Մի քանի ամիս հետո նախկին ռուսաստանցի գործարարը պաշտոնանկ արվեց, բայց Լաչինի միջանցքը այդպես էլ չբացվեց։

Վարդանյանը դաշնակցում էր Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ, նրանց «դաշինքի» հետ է կապվում նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականը և Լեռնային Ղարաբաղի նոր նախագահի ի հայտ գալը․ «Թավշյա այս հեղաշրջումից»  օրեր անց Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը ավարտվեց ամբողջական կապիտուլյացիայով ՝ հարյուրավոր զոհեր, ՊԲ զինաթափում, հայերի զանգվածային տարհանում Լեռնային Ղարաբաղից։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի վերջին Կարմիր խաչի ուղեկցությամբ Ղարաբաղի Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: Նրան մեղադրանքներ էին առաջադրել և կալանավորել։ Դրանից մի քանի օր անց ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալվել էր Ռաշիդ Բեգլարյանը: Նա առ այսօր էլ Բաքվում է պահվում։

Օգոստոսի 28-ին արդեն Լաչինի միջանցքում ձերբակալվել էին Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը։ Նրանց Բաքուն մեղադրում էր Ադրբեջանի պետական դրոշն անարգելու մեջ։ Երիտասարդներից առնվազն երկուսին ադրբեջանցիները ծեծել էին խաղաղապահների աչքի առաջ։ Բաքվում նրանք դատապարտվել էին 10-օրյա վարչական կալանքի, իսկ սեպտեմբերի 7-ին՝ վերադարձվել Հայաստան։