Home / Բանակ / Ղարաբաղից տարհանումը շարունակվում է․ կան մտահոգություններ

Ղարաբաղից տարհանումը շարունակվում է․ կան մտահոգություններ

թարմացումները՝ տելեգրամում

17։31 — Ժամը 17:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 6650 մարդ՝ բռնի տեղահանվածներ:

13:18 — Տեղափոխությունները գիշերվա ողջ ընթացքում չեն դադարել և առ այժմ շարունակվում են։

Ստեփանակերտից հավաստիացրել են՝ բոլոր ցանկացողները կտեղափոխվեն Հայաստան, սահմանված ժամկետներ չկան։

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին այս պահին գերծանրաբեռնված է։ Խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխումը Հայաստան և հումանիտար բեռների ներմուծումը Լեռնային Ղարաբաղ՝ գրել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Խցանումներ են նաև Ստեփանակերտի բենզալցակայանների շրջակայքերում։

Ստեփանակերտից խնդրել են առ այժմ զերծ մնալ տեղափոխվելուց․ «Ժամը 14:00-ից Ստեփանակերտի 5 բենզալցակայաններում անվճար վառելիք է տրարադրվելու նրանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան»:

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, ռուս խաղաղապահները այս ընթացքում ուղեկցում են (սեպտեմբերի 19-20-ից մեկուսացված) Մարտակերտից, Մարտունուց և Ասկերանից դեպի Ստեփանակերտ մեկնող խաղաղ բնակիչներին։ «Մարտակերտը լրիվ հանձնած է»՝ ասել է քաղաքապետ Միշա Գյուրջյանը։ Քաղաքը արդեն դատարկ է, «վերջին բնակիչները այնտեղից դուրս են եկել երեկ՝ շուրջ 1000 մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ»։

22։12 — Լեռնային Ղարաբաղից ավտոբուսներով Հայաստան ժամանած մարդիկ պատմում են՝ ադրբեջանական անցակետում տղամարդկանց իջեցնում են ավտոբուսից, ստիպում ոտքով անցնել Հակարիի կամուրջը, ընթացքում նկարահանում։ Ադրբեջանցի «լրագրողները» պաշարում են մեքենայում նստածներին՝ նկարում, «հարցաքննում» (անտեսելով հանգիստ թողնելու հորդորները)։ Շատերը այս ընթացքում սեփական մեքենաներով են եկել։

Ավտոբուսները վերադառնում են Ստեփանակերտ՝ նոր մարդ բերելու։ Ցանկացողներին Գորիսից միկրոավտոբուսներով տանում են Երևան։ Մարդիկ վախեցած են և հյուծված, հիմնական մտավախությունները կապված են տղամարդկանց ելքի հետ։ Ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու վաղը։

https://twitter.com/epressam/status/1706008335906996618

19։18 — Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 377 բռնի տեղահանված քաղաքացի: Հայաստանի կառավարությունից պարզաբանել են․ «Նրանցից 216-ի հաշվառման տվյալներն ամփոփված են, 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել: 216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով»։

Գորիսից Epress.am-ին պատմում են՝ Կոռնիձորից մարդկանց միկրոավտոբուսներով բերում են Գորիսի կենտրոնական հրապարակ (թատրոնի շենք), կարիքների գնահատում են անում, ցանկացողներին տեղավորում են կացարաններում։

Ընդդիմությունը տեղում հանրահավաք է սկսել։ Հիմնական ուղերձները՝ պատերազմը անխուսափելի է, «նայեք այս մարդկանց» (բանախոսը ամբիոնից ցույց է տալիս տեղահանվածներին), «շուտով մենք էլ ենք էս ճակատագրին արժանանալու», դիմեք ՈՄԱ-ի ծրագրերին, միացեք «համահայկական շարժման մեր եղբայրների և քույրերի», վաղը եկեք միտինգի։

Մոտակայքում կուտակված լրագրողները՝ տեղացի և արտասահմանցի, հարցազրույց են անում Լեռնային Ղարաբաղից տեղահանված, Կոռնիձորից միկրոավտոբուսներով Գորիս տեղափոխված արցախցիների հետ։

photo_2023-09-24_18-22-51
Գորիսի կենտրոնակ՝ արտասահմանցի լրագրողները հարցազրույց են վերցնում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանցից

17։39 — Տասնյակ մարդիկ Լեռնային Ղարաբաղից այսօր տարհանվել են Հայաստան։ Հակարիի կամրջով նախ մի քանի անհատական մեքենաներ են անցել, քիչ առաջ Կոռնիձոր են հասել նաև առաջին երկու ուղևորափոխադրող ավտոբուսները։ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված շտապօգնության մեքենաները արդեն վերադարձել են՝ տեղափոխել են 23 ծանր վիրավորների։

Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ավտոբուսներին ուղեկցում են խաղաղապահները։ Ռուս մայորը ասել է, թե «մի ավտոբուս ստուգելը մոտ 40 րոպե է տևում»: Ուղևորներին ստուգում են խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները (հայտարարվել է, որ այսօր Հայաստան են տեղափոխում միայն տեղահանվածներին)։ Հակարիի կամրջի վրա՝ ադրբեջանական անցակետում, անձնագրեր չեն նայում։

Ավտոբուսներով բերում են նրանց, ոքվեր ռազմական վերջին ագրեսիայի ժամանակ ստիպված են եղել լքել իրենց տները և վերջին օրերին մնում էին ռուսական բազայում (օդանավակայանում)՝ պատմել են Ստեփանակերտից։ Ստեփանակերտցիներին ասել են, որ Լեռնային Ղարաբաղից այսօր միայն անօթևաններին են Հայաստան տանելու, և առաջարկել սպասել մինչև վաղը չէ մյուս օրը՝ գուցե նոր տեղափոխություններ կազմակերպվեն։ Ստեփանակերտցիները վախենում են, որ տարհանումը կսահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղի ներքին տեղահանվածներով, իսկ իրենց կթողնեն, որպեսզի խաղաղապահները չհեռանալու պատճառաբանություն ունենան։

https://twitter.com/epressam/status/1705934796147351675

Տեղում աշխատող լրագրողներին նախօրոք զգուշացրել են՝ հարցազրույցներ անել չի կարելի։ Տեղափոխվածները խնդրում են իրենց չնկարել․ «Կապիկ չեն, որ տենց նկարում եք։ Հերիք ա էլի, խնդրում ենք։ Ստրես ենք ապրել»։

Կոռնիձորում են նաև Հայաստանի մաքսային ծառայության, փրկարար ծառայության, շտապօգնության բազմաթիվ մեքենաներ, տեղում Կարմիր խաչի աշխատողներ, ռուս խաղաղապահներ, հայաստանցի ոստիկաններ, բժիշկներ և բազմաթիվ լրագրողներ կան։

Մարդկանց տարհանում

/թարմացված/ Ստեփանակերտից հաստատել են՝ տարհանված, անօթևան մնացած և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի (օդանավակայանի) հարևանությամբ հանգրվանած քաղաքացիները «ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստանում գտնվող իրենց հարազատների մոտ», «հատկացվել է 30 ավտոբուս՝ նրանց անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով։ Արցախի տեղեկատվական շտաբից հավաստիացրել են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը․ «Այն քաղաքացիներին, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրում ենք ․․․ սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության»:

photo_2023-09-24_16-07-20
Կոռնիձորում

Հայաստանի վարչապետը իր ուղերձում այսօր կեսօրին նշել էր՝  «Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձևավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, Կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում։ Սրանով, սակայն, վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլև ավելի կսրվեն»։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 22-ին, Ադրբեջանի նախագահի խորհրդականը գրել էր, թե Բաքուն «ապահովում է քաղաքացիական անձանց՝ Խանքենդի-Լաչին ճանապարհով տեղաշարժի անվտանգությունը»։ «Կամավոր և անհատական ընտրության հիմքով, քաղաքացիական անձանց՝ սեփական մեքենաներով Խանքենդի-Լաչին ճանապարհով տեղաշարժի անվտանգությունը մենք ապավովում ենք», – հավելել էր Իլհամ Ալիևի օգնականը։

Ստեփանակերտից սեպտեմբերի 23-ին հաղորդել էին՝ այս պահին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրականացվում են հետևյալ աշխատանքները. 1) ՊԲ ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ; 2) Որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ; 3) ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի ու խաղաղապահների ուղեկցությամբ; 4) Արցախ հումանիտար բեռների, վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ; 5) Սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ, 6) Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:

Տեղափոխում են նաև ծանր վիրավորներին

Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր վիրավորներին՝ առավոտյան հաղորդել էր Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը․ «Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու»։

photo_2023-09-24_16-36-41 (2)
Կոռնիձորի հումանիտար կենտրոնի մոտ

Ծայրահեղ ծանր վիրավորները արդեն Հայաստանում են։ Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջնորդությամբ՝ Հայաստանից ուղարկված շտապօգնության մեքենաներով։ Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորների տեղափոխում Հայաստան։