հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ղարաբաղը հրադադարից հետո

Ղարաբաղը հրադադարից հետո

Հրադադարի հաստատումից երկու օր անց էլ Լեռնային Ղարաբաղի գերատեսչությունները լուռ են՝ պաշտոնական տեղեկություններ գրեթե չկան։ Մեկ օր տևած դաժան մարտերի և հոծախումբ հրթիռակոծությունների հետևանքով ղարաբաղյան կողմը առնվազն 200 զոհ և 400-ից ավել վիրավոր ունի՝ դեռ երեկ չէ առաջին օրը տեղեկացրել էր չճանաչված հանրապետության օմբուդսմենը։ Կան բազմաթիվ անհետ կորածներ, հազարավոր տեղահանվածներ, մեկուսացված շրջաններ և շրջափակված բնակավայրեր։ Կապը խափանված է։

Ստեփանակերտ

«Երկիրը թշնամու կողմից բաժանված է մի քանի մասի, թշնամու ներկայություն կա բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում Ստեփանակերտի թաղամասերում։ Աջ ու ձախ տարբեր տեղերից եկած տեղահանված բնակչություն։ Իրենց հարազատներին վիրավորների ու զոհերի մեջ փնտրող մարդիկ։ Հարազատների, ընկերների մասին անընդհատ լրացվող ողբերգական նորություններ», – մայրաքաղաքից պատմել է նախկին նախարար, ընդդիմադիր Հայկ Խանումյանը։

Ադրբեջանական զորքը, ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի, հաստատվել է Ստեփանակերտի երկու թաղամասերում՝ Արմենավանում (նախկին Կրկժան) և Աջափնյակում (նախկին Մալիբեյլու)։ Կրակահերթերը, որոնց մասին երեկ կեսօրին հաղորդում էին օգտատերերը, ըստ նրա՝ լսվում էին Ստեփանակերտից Շուշի տանող Արմենավանի հատվածից։ Տեղեկությունը հաստատել են նաև մեր ստեփանակերտցի զրուցակիցները։

Հայաստանի վարչապետը, ամեն դեպքում, հերքել է՝ արդբեջանական զորքը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում չէ՛, բայցև հաստատել է՝ սեպտեմբերի 21-ի կեսօրին այնտեղ հրադադարի խախտման դեպք է գրանցվել։

«Սաղին ուղարկել են տուն։ Երեկ կեսօրին կրակահերթի ձայներ էին լսվում, իջանք նկուղներ։ Կրակոցներ հիմա չկան։ Ծայրամասերից ժողովուրդը եկել է հրապարակ։ Ճարտարն էլ է շրջափակման մեջ։ Լույս չկա, մարդիկ փողոցներում հաց են սարքում։ Շատերը գնալու տեղ չունեն։ Ժողովուրդը պատանդ է մնացել», – Epress.am-ին պատմել են Ստեփանակերտից։

Արցախի մայրաքաղաքում նույն խոսակցություններն են պտտվում, ինչ նախորդ օրերին՝ ռուսներն ասել են, որ Հայաստանը հրաժարվում է ղարաբաղցիներին ընդունել։ Արդեն մի քանի օր է՝ սա հերքում են երևանցի պաշտոնյաները։ Լաչինի միջանցքը փակել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը՝ դեռևս 10 ամիս առաջ, հիշեցրել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը շաբաթվա սկզբին աշխատանքային խումբ է ստեղծել, որը զբաղվում է արցախցիների հնարավոր տեղափոխության կազմակերպմամբ։

Ղարաբաղցիների քիչ թե շատ բնականոն կենսագործունեության համար ոչ մի պայման արդեն չկա։ Տարբեր կողմերից հնչող՝ «սեփանական տներում արժանապատիվ և անվտանգ ապրելու» մասին հայտարարությունները տեղացիները զավեշտ են համարում։ Շատերի կարծիքով՝ ռուսները ուզում են, որ արցախցիները մնան Արցախում՝ որպես կենդանի վահան և ինչ-որ հիմնավորում իրենց ներկայության համար։ Շատերը բողոքում են Հայաստանից, որը չի շտապում հայտարարել կազմակերպված էվակուացիայի մասին։

Մարտակերտ

Մարտակերտն առ այսօր շրջափակման մեջ է։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան խոստացել էին, որ ժողովրդին կտարհանեն։ Տարհանումը հետագայում չեղարկվել էր։ Հումանիտար միջանցք չկա։

Հրադադարից հետո քաղաքում ընդհանուր առմամբ հանգիստ է։ Մարդիկ դուրս են եկել ապաստարաններից և վերադարձել տներ։

«Մոստը փակ է։ Կաշենը և մոտակայքը վերցրել են։ Կապ չկա։ Վանք գյուղը և շրջակայքը կռվի վախտ տարհանվել են։ Մարտակերտը լրիվ կտրվել է։ Միակ ճանապարհը անցնում է իրանց վերահսկողության տակ գտնվող տարածքով», – Մարտակերտից պատմել են մեր զրուցակիցները։

Քաղաքային հիվանդանոցից երեկ տեղեկացրել էին՝ 6-7 վիրավոր ունեն, մեկի վիճակը՝ ծանր։ Վիրավորներին էվակուացնելու հնարավորություն չկա։

Ադրբեջանցիները վերահսկողություն են սահմանել նաև Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր՝ Սարսանգի ջրամբարի և «էկոակտիվիստական» շրջափակումից հետո փակված Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերի նկատմամբ։

Մարտունի

Սեպտեմբերի 20-ից մեկուսացման մեջ է նաև Մարտունու շրջանը։

Երեկվանից սոցցանցերում պատմություններ են շրջանառվում, իբր ադրբեջանցիները ինչ-որ կոտորածներ են արել Թաղավարդում և հարակից բնակավայրերում։ Ապատեղեկատվության հեղինակը նախկին ոստիկան, հետախուզվող բլոգեր Վարդան Ղուկասյանն է՝ Դոգը։

Արցախի նախկին նախարար Հայկ Խանումյանի այս տեղեկությունները անմիջապես է հերքել։ Ադրբեջանական հարձակման ժամանակ թաղավարդցիները, ըստ նրա, ստիպված են եղել դուրս գալ գյուղից և հաստատվել հարևան բնակավայրերում։ Նրանք ասել են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։ Շրջանում կա կապի խնդիր:

Լրագրող Թաթուլ Հակոբյանի տեղեկություններով՝ Թաղավարդում մեկ զոհ է եղել (պաշտոնական հաստատում չկա), բայց գյուղում, ընդհանուր առմամբ, ամեն ինչ հանգիստ է․ «Ոչ մի կոտորած այնտեղ չի եղել։ Երբ սկսել է պատերազմը, մարդիկ հեռացել են։ Թաղավարդը հենց շփման գիծն է, գյուղը 44-օրյա պատերազմից հետո կիսվել է, կեսն անցել է Ադրբեջանին: Էնտեղ ռուսներն էին կանգնած։ Մարդիկ հարձակումից հետո հեռացել էին, հիմա վերադառնում են»։ Ըստ նրա՝

Կարմիր խաչից այսօր տեղեկացրել են՝ առաքելության միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր:

Բանակցություններ

«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթացը կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը», – քիչ առաջ գրել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանի նախագահի օգնականը Reuters-ին ասել է, թե Բաքուն դիտարկում է ղարաբաղցի նախկին զինծառայողների համաներման հնարավորությունը․ «Մենք համաձայնել ենք, որ զենքերը վայր դնողներն ազատ կարձակվեն»։ Երբ և ինչպիսին է լինելու այդ համաներումը՝ պարզ չէ։ Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո արցախցիները գիտեն՝ ցանկացած տղամարդ, որ ծառայել է բանակում, վտանգի տակ է։

Ավելի ուշ Հիքմեթ Հաջիևը գրել է, թե Բաքուն «ապահովում է քաղաքացիական անձանց՝ Խանքենդի-Լաչին ճանապարհով տեղաշարժի անվտանգությունը»։ Ինչ է սա նշնակում՝ ոչ ոք չգիտի։ «Կամավոր և անհատական ընտրության հիմքով, քաղաքացիական անձանց՝ սեփական մեքենաներով Խանքենդի-Լաչին ճանապարհով տեղաշարժի անվտանգությունը մենք ապավովում ենք», – հավելել է Իլհամ Ալիևի օգնականը, որի ներկայացրած պետությունը շարունակում է շրջափակված պահել Լեռնային Ղարբաղը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը։

Հայաստանի վարչապետը երեկ հայտարարել էր, թե Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին։ Նույնը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերին։ Կապիտուլյացիա ստորագրելիս՝ ղարաբաղյան կողմը հանձն է առել Պաշտապանության բանակի ամբողջական լուծարումն ու զինաթափումը։

թարմացում (19:56) — Պաշտպանության բանակը արդեն հանձնում է սպառազինությունը․ Ռուսաստանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

թարմացում (21:00) — Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի ՄԻՊ-ը և պատկան այլ մարմիններ ստացել են ավելի քան 600 ահազանգ կամ հարցում՝ գտնելու իրենց ընտանիքի անհայտ կորած անդամներին, հարազատներին՝ գրել է ԼՂ օմբուդսմենի գրասենյակը։

տե՛ս Կապիտուլյացիան սա՛ է

շապիկի լուսանկարը՝ ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյանի