Բաքուն մտադիր չէ որևէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստանալու համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանը, ըստ նրա, ցանկանում է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ միայն տրանսպորտային կապ ստեղծել, ինչը «օգուտ կբերի երկու երկրներին և ամբողջ տարածաշրջանին»։
«Ադրբեջանը չունի ոչ մի ռազմական նպատակներ կամ խնդիրներ Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է», – ասել է Հաջիևը Reuters-ին։
Ալիևի օգնականը հավելել է, թե Բաքուն Երևանին առաջարկում է տրանսպորտային և կապի գծերի անցկացման հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այդ հայտարարել էր, թե «ադրբեջանական տարածքում Զանգեզուրի միջանցքի ստեղծման աշխատանքները կավարտվեն հավանաբար 2024 թվականի վերջին», իսկ Ղարաբաղի վրա վերջին հարձակումից հետո էլ Ադրբեջանի նախագահը ուղերփով դիմել էր ժողովրդին և հայտարարել՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ «Մենք ճանաչում ենք նրանց տարածքային ամբողջականությունը, մենք հայտարարել ենք այդ մասին, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը և Հայաստանը կկարգավորեն իրենց միջև գոյություն ունեցող հարցերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության վրա»:
Թուրքիան համաձայն է․ կա նաև այլընտրանք
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնել էր Նախիջևան։ Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցքի» հարցը առավել հաճախ հայտնվում է թուրքական մամուլի էջերում, միջանցքի մասին պաշտոնական Անկարան հիշատակել էր նույնիսկ ղարաբաղյան ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին հրատապ նիստում։
Նախիջևանում երկու նախագահները անդրադարձել են տրանսպորտային հարցերին, արձանագրություն են ստորագրել՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի ստեղծման վերաբերյալ։
Վերադարձի ճանապարհին Էրդողանը հարցազրույց է տվել և հայտարարել՝ եթե Հայաստանը հրաժարվի բացել Զանգեզուրի միջանցքը, երթուղին կանցնի Իրանով։
«Եթե ուզում ենք, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները խաղաղության երթուղիներ լինեն, հարցերը պետք է հանգիստ և առանց կոնֆլիկտների լուծենք։ Ինչ վերաբերում է գնացքին, որը Թուրքիայով հասնում է Նախիջևան և այնտեղից՝ Հայաստանով Ադրբեջան, հարկավոր է դիտարկել հենց Հայաստանով դրա անցնելու հարցը։ Եթե Հայաստանը չցանկանա մասնակցել [նախագծին]՝ ինչպե՞ս պետք է անցնի այդ երթուղին։ Իհարկե՝ Իրանի տարածքով։ Իրանն այդ գաղափարի հանդեպ դրական վերաբերմունք ունի», – ասել էր Թուրքիայի նախագահը։
Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև ուղիղ ավտոմոբիլային և երկաթուղային hաղորդակցության ստեղծումը Անկարայի և Բաքվի համար «ռազմավարական հարց է»․
«Այս հզոր կապի շնորհիվ այն ամենին, ինչին մինչ այս հասել ենք քայլելով, վազելով կհասնենք։ Այդ իսկ պատճառով մենք ձեռքից եկած ամեն ջանք գործադրելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի բացումը ռազմավարական հարց է և անշուշտ պետք է ավարտին հասցվի։ Այս միջանցքի բացվելուն պես Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս գալ։ Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը էլ ավելի կուժեղանա։ Ուրախալի է, որ Իրանից ևս դրական ազդակներ կան այս հարցում», – նշել է Էրդողանը։
Չնայած Ալիևը ամիսներ առաջ խոստովանել էր, թե Զանգեզուրյան միջանցքը զուտ իր հորինած ձևակերպումն է Սյունիքի ճանապարհի համար, մինչ այդ նա պարբերաբար զուգահեռներ էր անցկացնում Մեղրիով անցնող հաղորդակցությունների և Լաչինի միջանցքի հետ։ Հայտարարվում էր, թե՝ եթե Լաչինի ճանապարհը միջանցքային՝ արտատարածքային կարգավիճակ ունի, ապա Զանգեզուրի ճանապարհն էլ պետք է հատուկ կարգավիճակ ունենա։ Հայաստանը այս համեմատությունը չէր ընդունում և մերժում ապաշրջափակման ցանկացած ֆորմատ, որ հակասում է Հայաստանում գործող օրենսդրությանը։ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի հայտնվելուց հետո այս խոսակցությունը – համենայն դեպս՝ հրապարակավ – դադարել է։