Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված արցախցի երիտասարդները՝ Ալեն Նելսոնի Սարգսյանը, Լևոն Ժիրայրի Գրիգորյանը և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանը, ազատ են արձակվել։ Ժամը 17:45-ի սահմաններում նրանք փոխանցվել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերին։
Փոխանցումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Տղաները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
Երիտասարդների «առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն»՝ գրել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենը։
կոնտեքստ
Արցախցի ուսանողները ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել օգոստոսի 28-ին՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան ուղևորվելիս։ Նրանք Երևան էին գալիս կրթությունը շարունակելու նպատակով։ Ստեփանակերտը սկզբում հաղորդել էր մեկ երիտասարդի առևանգման մասին, ավելի ուշ հաստատել էին՝ Ադրբեջանցիները ոչ թե մեկ, այլ երեք հոգու են ձերբակալել։
Երեքն էլ ֆուտբոլիստներ են՝ Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ։ Բաքուն նրանց մեղադրում էր Ադրբեջանի պետական դրոշն անարգելու մեջ․ 3 տարի առաջ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում «Ավո» ֆուտբոլային թիմի անդամները անցնում էին ադրբեջանական դրոշի վրայով։ Բաքվի դատարանը նրանց դատապարտել է 10-օրյա վարչական կալանքի։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, թե հետագայում «նրանք կարտաքսվեն Հայաստան՝ այլևս հնարավորություն չունենալով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ»։
տե՛ս Ադրբեջանցի սահմանապահները ծեծել են ղարաբաղցի երիտասարդներին ռուս կոլեգաների աչքի առաջ
Ականատեսները պատմում էին, որ Հակարիի կամրջի վրա ադրբեջանցի սահմանապահները հետապնդել են տղաներին, նրանցից առնվազն երկուսը բռնության են ենթարկվել ռուս խաղաղապահները և արցախցի մյուս երիտասարդների աչքի առաջ։ Տղաներից մեկը փորձել է փախչել, ադրբեջանցի սահմանապահը ավտոմատի կոթով խփել է նրա գլխին և տարել անհայտ ուղղությամբ։ Խաղաղապահներն այդ ընթացքում ոչինչ չեն ձեռնարկել։
Հուլիսի վերջին էլ Կարմիր խաչի ուղեկցությամբ Ղարաբաղի Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն էր առևանգվել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: Նրան մեղադրանքներ էին առաջադրել և կալանավորել։
Դրանից մի քանի օր անց էլ ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալվել էր Ռաշիդ Բեգլարյանը: Նա առ այսօր էլ Բաքվում է պահվում։