Home / Մեդիա / «Հայերը» հարձակվեցին արվեստագետների վրա

«Հայերը» հարձակվեցին արվեստագետների վրա

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագծի շրջանակներում Հանրապետության հրապարակ մետրոյին հարակից շատրվաններում այսօր տեղի ունեցած բեմադրությանը «մասնակցեցին» նաև Ստամբուլյան կոնվենցիայի և հայ ազգի այլասերման դեմ պայքարող ակտիվիստները։

Նրանցից մեկը ներկայացման մեկնարկից մոտ տասը րոպե անց կտրեց հոսանքի լարը, մյուսները՝ երաժշտության անջատելուց անմիջապես հետո, սկսեցին գոռալ «ամոթ», «ոչ այլասերմանը» և նույնիսկ «ինքնիշխան Հայաստան»։

Էլեկտրամատակարարման վերականգնումից հետո նրանք բարձրախոսներ բերեցին՝ երաժշտությունը խլացնելու համար։ Ներկայացմանը զուգահեռ բեմադրության դեմ պայքարող տղամարդիկ ելույթներ էին ունենում ազգային արժեքների փրկության, այլասերման և Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասին, ով մեղադրվում էր գրաքննությունը մերժելու մեջ։ Ազգային արժեքների պաշտպանները պահանջում էին չաջակցել «այլասերվածներին, օտար երևութներին, սատանիզմին և ԼԳԲՏ-ին» և կոչ անում ներկայացման մասնակիցներին և նրանց սատարողներին «հեռանալ Հայաստանից»։

Տապալման բոլոր փորձերին զուգահեռ ներկայացումը շարունակվում էր։ Պերֆորմանսի վերջում հակաստամբուլյան ակտիվիստներից մեկը փորձեց հարձակվել արվեստագետների վրա, սակայն բերման ենթարկվեց՝ չհասնելով նշանակետին։ Մյուսը «զելյոնկայի» լուծույթ լցրեց ներկայացման մասնակիցների ուղղությամբ, բերման ենթարկվեց և խոստացավ, որ «քանի կա»՝ «Հայաստանում սատանիզմի քարող չի լինելու»։

Epress.am-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի սատանիզմը ներկայացման հետ, հակա-ցույցի մասնակիցներից մեկը ասաց․ «Ոչ մի, բայց մեկ ա՝ կնոջը հարիր չէ», մյուսը խորհուրդ տվեց հարցնել «ձեր սիրելի նախարար Արայիկ Հարությունյանից»։

Ներկայացման վերջում արվեստագետները խոնարհվեցին և շնորհակալություն հայտնեցին բոլորին, ով եկել էր աջակցելու։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև ոստիկանությանը, որը ներկայացման ողջ ընթացքում ապահովում էր մասնակիցների անվտանգությունը և կասեցնում հարձակման փորձերը։ Հակա-ցույցի մասնակիցները սկսեցին քոչարի պարել։

Հիշեցնենք, որ հարձակման մասին բեմադրության հեղինակները ահազանգել էին դեռևս երեկ։ Երկու տղամարդիկ հարձակվել էին նրանց վրա, տապալել գլխավոր փորձը, վիրավորել, մեղադրել «ապազգային, սատանիստական, ԼԳԲՏ» գործողությունների մեջ և «հայ կնոջը ոչ հարիր պահվածքի» համար, վիճաբանության ընթացքում՝ հարվածել արվեստագետ Լիլիթ Պետրոսյանին և ականատես զբոսաշրջիկներից մեկին, այնուհետև՝ «խոստացել վերադառնալ վաղը»։ Երեկվա միջադեպը հանգուցալուծվել էր ոստիկանությունում։

Հուզանք ու Զանգը [իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ] կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։ Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով, Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ և Կայ Խաչատրյանի երաժշտությամբ։

[ թարմացում․] Հոսանքի խափանման պատճառով ներկայացման գրեթե ողջ ընթացքում Լիլիթ Պետրոսյանի ձայնը լսելի չեղավ։Ավելի ուշ՝ նոյեմբերի 3֊ին, արվեստագետները հանրայնացրեցին ձայնային մասը, որը, թեկուզ ներկայացման տապալումից հետո, կօգնի պատկերացում կազմել՝ ինչ էր նախատեսվել ի սկզբանը և ինչը խափանվեց՝ ազգայինական ակտիվիստների կազմակերպված ջանքերով։