Կառավարության անդամների հետ Ադրբեջանի ղեկավարի հանդիպումից հետո ադրբեջանական մամուլը գրում է, որ Էլմար Մամեդյարովը, ով ավելի քան 16 տարի զբաղեցրել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնը, հրաժարական է ներկայացրել։ Պաշտոնական հաստատումներ, սակայն, չկան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ֊ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիային և դժգոհել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։
«Կցանկանայի խոսել միջազգային հանրությանը արձագանքի մասին։ Սադրանքից անմիջապես հետո՝ հուլիսի 12-ին, ես համապատասխան հրահանգներ տվեցի Նախագահի գրասենյակին։ Մեր ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ միջխորհրդարանական կազմակերպություններում, հրահանգներ ստացան և տեղեկացրեցին հարցի մասին կազմակերպությունների ղեկավարներին։ Բայց ես համարում եմ, որ մեր դիվանագիտական աշխատանքը ավելի արդյունավետ կարող էր լինել։ Ես բազմիցս նշել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է հարձակվողական լինի, այլ ոչ պասիվ և պաշտպանվողական։
Դա չպետք է այնպիսի դիվանագիտություն լինի, երբ լռում ես՝ որևէ մեկին դուր գալու համար։ Ես բազմիցս եմ խոսել այդ մասին։ Ցույց եմ տվել ճիշտ ճանապարհը տարբեր միջոցառումների ժամանան, ԱԳՆ֊ում, դեսպանների հետ հանդիպմանը։ Ասել եմ՝ ինչ է պետք անել։ Նշել եմ՝ ինչ քայլեր է պետք ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ, ինչպես աշխատել արտասահմանյան մամուլի հետ։ Ինչպես պետք է դիվանագետները պաշտպանեն Ադրբեջանի տնտեսական շահերը, մեր քաղաքացիների իրավունքները։ Ինչպես պետք է պատասխանեն Ադրբեջանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքներին, որոնք երբեմն հնչում են միջազգային կամզմակերպություններում։ Ինչպես ստիպել թշնամուն լռել։ Ես ասել եմ այդ մասին, ամեն հարցով ցույց եմ տվել ճանապարհը։ Տեսնո՞ւմ ենք արդյոք այդ հրահանգների իրագործումը։ Մեծամասամբ՝ ո՛չ», – նախարարների հետ հանդիպմանը բողոքել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևն դժգոհել է, որ այս ընթացքում չի կարողացել գտնել Մամեդյարովին․ «Ինչո՞վ էր զբաղված Արտգործնախարարությունը։ Որտե՞ղ է նախարարը։ Հուլիսի 12-ից հետո, այս իրավիճակի մեկնարկից հետո, մենք բոլորս աշխատանքի վայրում ենք եղել։ Ես մինչև առավոտ աշխատանքի եմ, վարչապետը՝ աշխատանքի է, պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Պետական անվտանգության ծառայության ղեկավարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը, ներքին գործերի նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ բոլորը գիշերվանից մինչև առավոտ աշխատանքի վայրում են։ ․․․Ես չէի կարողանում գտնել արտգործնախարարին, նա աշխատավայրում չէր»:
Պահանջել է, որ վարչապետ Ալի Ասադովը զեկուցի՝ որտեղ էր արտգործնախարար Մամեդյարովը։
Ասադովը զեկուցել է․ «Պարոն նախագահ, ես հարցրեցի, նա պատասխանեց, որ տնից է աշխատում»։
Ալիև․ «Ո՞նց թե տնից է աշխատում»։
Ասադով․ «Այո, ասաց, որ տնից է աշխատում։ Ես զանգեցի Էլմար Մամեդյարովին, փոխանցեցի ձեր խոսքերը, հարցրեցի՝ երբ է իմացել այս գործողությունների մասին և որտեղ էր այդ ժամանակ։ Պատասխանեց, որ տնից էր աշխատում․․․»։
Հիշեցնենք, որ Մամեդյարովի շուրջ լարվածությունը հրապարակային էր դարձել դեռևս հուլիսի սկզբին՝ հայ֊ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մեկնարկից օրեր առաջ, երբ Պետական անվտանգության ծառայությունը խուզարկություններով մտել էր Արտգործնախարարություն և ձերբակալել վարչությունների մի քանի ղեկավարներին, այդ թվում՝ նախարարության գործերի կառավարման վարչության պետ, Մամեդյարովի մտերիմ Ֆարհադ Մոլլազադեն, ով, ըստ տեղական լրատվամիջոցների, կասկածվում է կոռուպցիայի ու լիազորությունները չարաշահելու մեջ: Տեղեկություններ էին շրջանառվում, որ Մամեդյարովը պատրատսվում է լքել պաշտոնը։ Ինքը՝ պաշտոնյան, այդ տեղեկությունները որևւէ կերպ չի մեկնաբանել։