Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը 11 օր անց վերջապես արձագանքել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ, մաթեմատիկոս Սմբատ Գոգյանի հրաժարականին։
Նախարար Հարությունյանը, դիմելով իրավապահ մարմիններին, կոչ է արել Գոգյանի հայտարարությունների կապակցության հրավիրել նրան հաղորդում կամ բացատրություն տալու՝ «միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին»։ Եթե պարզվի, որ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը [որին Գոգյանը մեղադրել էր Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու մեջ] իսկապես մեղավոր է, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, նշել է նախարարը՝ կրկին և հատուկ ընդծելով, որ հակառակ դեպքում սուտ մատնության համար պատասխանատվության կարող է ենթարկվել ինքը՝ Գոգյանը։ «Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը», – եզրափակել է Հարությունյանը։
Գոգյանի հայտարարության շուրջ քննարկումները նախարարը որակել է որպես «հերթական աղմուկ»՝ «անպտուղ» և «անբովանդակ», և նշել՝ «արդեն հոգնեցուցիչ են այն գործընթացները, որոնց արդյունքում մենք անընդհատ պետք է հերքումներ տանք»։
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը դեռևս մայիսի 14-ին ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել էր պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։ Պատճառներից մեկը Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախկին և ներկա ռեկտորների շուրջ հայտնի սկանդալն էր և դրա հանգուցալուծումը․ Գոգյանը նշել էր, որ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ նրա դոկտորական աշխատանքում առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։ ԲՈԿ նախագահն ինքը մի քանի անգամ փաստել էր դա, հարցազրույցներից մեկում էլ նշել, որ եթե Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ինքը կհեռանար։ Հետագայում ռեկտորի նախկին ԺՊ-ին փոխարինել էր նորը՝ Դիանա Գալոյանը, որի դոկտորական աշխատանքում, ըստ Գոգյանի, ևս առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց «համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը»։ «Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև», – եզրափակել էր պաշտոնյան։
Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հայտնի է որպես ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմը։ Գոգյանը՝ հովանավորչության և կապերի մասին գրելիս, ըստ էության, ակնարկում էր հե՛նց Թամրազյանին։
Վերջինս մայիսի 20-ին և 21-ին հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ «զրույցի»։ ԱԱԾ հրավիրվելու փաստն ինքը՝ փոխնախարարը, ևս հաստատել էր՝ հրաժարվելով մեկնաբանել դրա և ԲՈԿ նախագահի հայտարարությունների միջև ենթադրյալ պատճառահետևանքային կապը։
Ինչ վերաբերում է նախարար Արայիկ Հարությունյանին, մինչ այս Գոգյանի հարյատարություններին նա բացեիբաց չէր արձագանքել։ Մայիսի 19-ին, ճիշտ է, նախարարը ֆեյսբուքի իր էջում ծաղրանկար էր հրապարակել, որը պատկերում էր ելքի երկու տարբերակ՝ սովորական և «դրամատիկ»։ Թեև Հարությունյանը անուններ չէր նշել, ակնհայտ էր, որ նրա հրապարակումը նվիրված էր հե՛նց Գոգյանի հրաժարականին, որը ծաղրանկարով որակվում էր որպես «դրամատիկ» ելք/ժեստ։
Ծաղրանկարը ուղեկցվում էր պաշտոնյաի մեկնաբանությամբ․ «Ավելի դիպուկ դժվար է արտահայտվել»։ Նախարարի հրապարակումն արժանացել էր սուր քննադատության՝ մամուլում և սոցցանքերում, և մնացել առանց պարզաբանումների։
Գոգյանի հայտարարություններին, սակայն, արձագանքնել էր Ազգային ժողովը․ «Իմ քայլը» պատգամավոր, ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մայիսի 22-ին հայտնել էր, որ մայիսի 25-ին հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրելու, և նշել՝ նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, քննարկվելու են ԲՈԿ նախագահի հրաժարականն ու նրա՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը։ Նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17։00-ին։
Ավելի վաղ Գոգյանին առանձնազրույցի էր հրավիրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ հանդիպման ընթացքում քննարկվել են ԲՈԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու որոշման պատճառները։ Փաշինյանը մինչ օրս Գոգյանի հրաժարականի դիմումը չի ստորագրել, ԲՈԿ նախագահը դեռևս շարունակում է պաշտոնավարել։