Մերձդաշնակցականները կաշառք են բաժանում ԵՊՀ առաջին կուրսերից մեկում, ֆեյսբուքի իր էջում գրում է Ռեստարտ նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը։
«Այսպես ուրեմն, կիսադաշնակցական տարրերը ուսանողներին ցույցերի դուրս բերելու համար դիմում են փող բաժանելու մեթոդներին՝ ուսանողներ փնտրելով ԵՊՀ֊ում։ Ինձ հասած հավաստի ինֆորմացիայի համաձայն՝ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների շրջանում գումար է բաժանվել /5000֊ական դրամներ/ Արայիկ Հարությունյանի դեմ իրականացվող ցույցերին մասնակցելու համար։ Իհարկե, գիտակից ուսանողների մեծամասնությունը չի մասնակցել այդ շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող ակցիային նմանվող իրադարձություններին, բայց, այնուամենայնիվ, այս խայտառակ իրադարձությունները տեղի են ունեցել ԵՊՀ֊ի առաջին կուրսի ուսանողների շրջանում։
Այսպիսով, կոչ եմ անում ԵՊՀ ղեկավարությանը ուշադրություն դարձնել հակակրթական և քաղաքական շահեր հետապնդող կեղծարարությունների նկատմամբ, իսկ մերձդաշնակցական, կիսաքաղաքական կոնգլոմերատին կոչեր չեմ անում, քանի որ նրանց դեպքում բանական կոչերն ու հորդորները անիմաստ են։
Ես կարող եմ ոչ թե մի, այլ մի քանի եղանակով հիմնավորել այս գրառման իսկությունը, ուստի խորհուրդ եմ տալիս ներկայիս չցույցերը համակրող անձանց, եթե այդպիսիք կան, չփորձել ինձնից ապացույցներ պահանջել, այլապես պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակներում խայտառակ կանեմ այդ անհատ հակաքաղաքացիներին։
Ցույցերի իսկության վերջնական դիմակը ոչ թե պատռվեց այլ չքացավ», ֊ ասված է գրառման մեջ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծով, լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի գիտական խորհուրդ իրավասու է ինքնուրույն որոշել՝ ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր կամ հայեցողական առարկաների ցանկ։ Այս կապակցությամբ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են իրականցնում՝ «հանուն մայրենի լեզվի պաշտպանության»։ Որոշ ժամանակ անց ուսանողների պահանջը փոխվում է․ «երկրում սկսված մշակութային աղետը կանգնացնելու համար» նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ուսանողների հետ է Դաշնակցություն կուսակցությունը, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող ակտիվիստները, որոնք հակաստամբուլյան ստորագրահավաքից բացի, աչքի էին ընկել նաև «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի և «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման վրա հարձակումներով։