Հայոց պատմության դասագրքերի բովանդակության հետ կապված քննարկումներ են սկսվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում», – նախարարի խոսքերն է մեջբերում Aysor.am-ը։
Արայիկ Հարությունյանի խոսքով քննարկումները հիմնականում կապված են մարտի 1-ի, ընտրությունների և քաղաքական գնահատականների հետ:
«Բովանդակությունն այլ կերպ շարադրելու խնդիր կա: Ես թույլ չեմ տվել առայժմ դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»:
Հարությունյանը հավաստիացրեց, որ դասագրքերի ուշ տպագրությումը չի ազդի դասապրոցեսի վրա.
«Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ սեմեստրում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին»:
Նախարարը նաև անդրադարձավ մարտի 1-ի գործով ընթացիկ քրեական գործին, ինչը ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար: