Home / Հայաստան / Նախարար Հարությունյանը պետք է արձագանքի Գոգյանի հրաժարականին

Նախարար Հարությունյանը պետք է արձագանքի Գոգյանի հրաժարականին

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, մաթեմատիկոս Սմբատ Գոգյանի հրաժարականի շուրջ տևական լռության վերաբերյալ։

«Իր կողմից հրապարակված հիմնավորվամբ և հարցազրույցում (18.05.2020, Երկիր մեդիա) պարոն Գոգյանը իր հրաժարականի պատճառների շարքում նշում է ՀՀ ԿԳՄՍՆ պատասխանատու առանցքային անձի, մասնավորապես՝ փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի նկատմամբ հովանավորչության և դրանից բխող գործողությունների վերաբերյալ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Բարձրագույն կրթության ոլորտում ակադեմիական բարեվարքության և ակադեմիական ազնվության հիմնախնդիրները կարգավորվում են առաջին հերթին քաղաքականության մշակման պատասխանատուի՝ ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարության բաց և թափանցիկ գործունեությամբ։

Կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանին հանդես գալ բաց հայտարարությամբ՝ փաստահենք արձագանքելով Ս․Գոգյանի հրաժարականի, ինչպես նաև փոխնախարար Գ․Թամրազյանի հնարավոր հովանավորչության հարցերի վերաբերյալ», – նշված է նախաձեռնության հայտարարությունում։