Դեռ վերջերս պատվաստային անձնագրերի մասին մտքերով միմյանց վախեցնում էին միայն դավադրության տեսաբանները։ Այժմ, սակայն, համաշխարհային մակարդակի քննարկումներ են սկսվել այդ անձնագրերի ներմուծման վերաբերյալ։ Շատերը կարծում են, որ դրանք հնարավորություն կտան բացել սահմանները ճանապարհորդների համար։
IT-ընկերությունները, ավիափոխադրողներն ու անգամ որոշ երկրների կառավարությունները հանդես են գալիս ի շահ պատվաստային անձնագրերի ներմուծման։ Այս գաղափարի ընդդիմախոսներն ահազանգում են մարդու իրավունքների հնարավոր խախտումների մասին։
Սկսվեց Հունաստանից
Շատերը կարծում են, որ պատվաստանյութ ստացած լինելը հաստատող անձնագրերը կարող են նպաստել զբոսաշրջությանը, որը համավարակից ամենաշատը տուժած ոլորտներից է համարվում։
Այս իմաստով ամենածանր դրության մեջ էր Հունաստանը, որում զբոսաշրջությունը ապահովում էր ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը։ Բացի այդ, կորոնավիրուսային համավարակը սկսվեց հենց այն ժամանակ, երբ երկիրը դեռևս դուրս չէր եկել ծանր ֆինանսական ճգնաժամից։
Հունաստանում զբոսաշրջության հետ կապված զբաղվածություն ունի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի։ Միայն այս ոլորտում Հունաստանը կորցրել է շահույթի շուրջ 80 տոկոսը։
Այս իրավիճակից դուրս գալու ելքը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տեսնում է պատվաստային անձնագրերի ներմուծման մեջ։
«Մարդիկ, ովքեր արդեն ստացել են պատվաստանյութի համապատասխան չափաբաժինը, պետք է ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենան։ Դա կարող է նաև դրական ստիմուլ հանդիսանալ, որը կստիպի մարդկանց ինքնակամ դիմել վակցինացիայի», – Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսոլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակում գրել էր Միցոտակիսը։
Հունվարի վերջին Հունաստանը սկսել էր թվային վկայագրեր տրամադրել իր պատվաստված քաղաքացիներին։ Առանց Եվրամիության հավանությանը սպասելու, Հունաստանի վարչապետը որոշել էր իր երկրի օրինակով ցույց տալ նման անձնագրերի դրական կողմերը։ Հունաստանի և Իսրայելի միջև այդպիսի թվային անձնագրերով ճանապարհորդելու համաձայնություն էր կնքվել։
Ընդդիմախոսների փաստարկները
Միցոտակիսն իր նամակում ընդգծում էր, որ նպատակ չունի պատվաստվելը պարտադիր պայման դարձնել ճանապարհորդելու համար։ Սակայն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով չեն ուզում կամ չեն կարող պատվաստվել, մտավախություն են հայտնում, որ պատվաստային անձնագրերի ներմուծումից հետո իրենք չեն կարողանա որևէ այլ երկիր մեկնել առանց պատվաստվելու։
Իրականում վակցինային անձնագրեր գոյություն ունեին նաև մինչև կորոնավիրուսի համավարակը։ Դրանք ավելի հայտնի են որպես պատվաստման մասին միջազգային սերտիֆիկատ կամ «դեղին քարտ»։ Ճանապարհորդներն այդպիսի փաստաթուղթ ստանում էին կարմրուկի, խոլերայի, դեղնախտի, մալարիայի կամ դիֆտերիայի դեմ պատվաստվելու դեպքում։
«Կան երկրներ, որոնք ճանապարհորդներին ընդունում են միայն դեղնախտի դեմ պատվաստված լինելը հաստատող փաստաթղթով։ Սա կարող է դիտարկվել որպես վակցինային անձնագրերի կիրառելիությունը հաստատող նախադեպ։ Ես, օրինակ, ունեմ նման սերտիֆիկատ, բայց խիստ կասկածում եմ, որ բոլոր այդպիսի վակցինային անձնագրերը կեղծ չեն։ Կարծում եմ նման պարտադրանքների դեպքում մարդիկ հաճախ են փաստաթթեր կեղծում», – Բի֊բի֊սիի հետ զրույցում ասել է Լոնդոնի Կայսերական քոլեջի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Ռիչարդ Թեդերը։
Շատեր կարծում են, որ վակցինային անձնագրերի պատճառով կարող են մարդկանց անձնական տվյալների արտահոսքեր տեղի ունենալ։ Փորձագետները հաճախ առաջարկում են պատվաստման մասին տեղեկությունները պահել սմարթֆոնների համար նախատեսված հատուկ հավելվածում։ Այսինքն, մարդկանց անձնական տվյալները գրանցված կլինեն սերվերներում, և ոչ բավարար պաշտպանվածության դեպքում այդ տեղեկությունները կարող են հասանելի դառնալ։
Բացի այդ, հայտնի է, որ մոլորակի բնակչության միայն կեսը համացանցի հասանելիություն ունի և կարող է աշխատել հավելվածների հետ։
Էքսեթերի համալսարանի դոկտոր Աննա Բեդուշին կարծում է, որ տվյալների հնարավոր անպաշտպանությունը խնդրային է, սակայն լոքդաունը, որի պայմաններում մարդու անհատական ազատությունների խիստ սահմանափակումներ են գործում, ավելի լուրջ խնդիր է իրավունքների ոտնահարման տեսանկյունից։
Ամենամեծ խնդիրը, սակայն, այն է, որ շատերը ցանկություն ունեն պավաստվելու, բայց նրանց համար այդպիսի հնարավորություն ստեղծված չէ։ Այսինքն, մարդուն չի տրվում պատվաստվելու հնարավորություն, հետևաբար նա չի ունենում պատվաստային անձնագիր և չի կարողանում ճանապարհորդել՝ իր կամքին հակառակ։
Ռիչարդ Թեդերը խնդրի այլ մոտեցում է առաջարկում․ «Կարծում եմ, որ պետք է սահմանափակումներ գործեն պատվաստումից կամավոր հրաժարված մարդկանց համար։ Դա ինձ համար սկզբունքային հարց է։ Եթե մարդը պարզապես չի ուզում պատվաստվել, չարժի նրան թույլատրել ճանապարհորդել։ Այս սահմանափակումից, սակայն, չպետք է տուժեն մարդիկ, ովքեր ցանկանում են ստանալ պատվաստանյութի իրենց չափաբաժինը, բայց ապրում են երկրում, որն ի վիճակի չէ ապահովել բնակչության համընդհանուր իմունիզացիան»։