Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է, հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Մարտակերտի բնակարաներից մեկում օգոստոսի 25-ին հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ջամիլ Բաբաևը․ նույն օրը նա բերման է ենթարկվել Ղարաբաղիի ԱԱԾ։
Բնակարանում, ուր մտել էր ադրբեջանցի զինվորը, մեծահասակներ այդ պահին չեն եղել․ տան տերերը պատմում են, որ նա նկուղից հանել է աստիճանը, աստիճանով բարձրացել պատշգամբ, որտեղ մոտ մեկ ժամ հետո նրան հանդիպել են 14-ամյա զույգ եղբայրները։
Նա ռուսերեն չի խոսել, երեխաների հետ շփվել է ժեստերի լեզվով։ Սկզբում դանակ է ցույց տվել՝ հասկացնելով, որ պետք է լռել, հետո՝ ջուր ու ուտելիք է խնդրել։ Երեխաները նրան նրբերշիկ ու սուրճ են տվել։
Ավելի քան մեկ ժամ նրանք միասին են եղել․ զինվորը հաց է կերել, լվացվել, գուլպաները կախել պարանից, երեխաների հետ միասին նայել նրանց լուսանկարները, համակարգչով երաժշտություն լսել։ «Ազատությունը» գրում է, որ զինվորը երեխաներին նաև Թուրքիայի դրոշն է ցույց տվել, հետո Ադրբեջանի անունը տվել ու հասկացրել, որ իրեն նեղացնում են։ Ավելի ուշ երեխաները դուրս են եկել տնից՝ ծխախոտ գնելու պատրվակով, զանգահարել քեռուն, վերջինն էլ ոստիկանություն է ահազանգել։
Տեսանյութում երևում է բերման ենթարկելու պահը, լսվում է երեխաներից մեկի ձայնը, ով ռուսերեն ասում է․«Եղբայր, կներես»։
Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե շարքային Ջամիլ Բաբաևը փախուստի է դիմել Գյանջայի հոսպիտալի հոգեբուժական բաժնից։ Բաքուն ևս նրա նկատմամբ քրեական գործեր է հարուցել։
Բաբաևն այժմ կալանավորված է։ Արցախի ՔԿ-ում քննվող քրեական գործով նա մեղադրվում է ԼՂՀ ՔՕ 350-րդ (պետական սահմանն ապօրինի հատելը) , 316-րդ (լրտեսության), 145-րդ (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 135-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 133-րդ(Ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել էր բռնություն գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ, երկու կամ ավելի անչափահասների նկատմամբ) հոդվածներով: