Ռուսաստանցի սթենդափ կոմիկ Իդրակ Միրզալիզադեին հարկադրել են լքել Ռուսաստանը։ Ընդմիշտ։
Խոսքը այն նույն սթենդափերի մասին է, որը ռուսների մասին կատակելու համար բոլորովին վերջերս 10 օրով կալանավորվել էր։ Ռուսական դատարանն այն ժամանակ վճռել էր, որ ադրբեջանցի թալիշի իմպրովիզ-ելույթը (որում նա, խոսելով «ոչ սլավոնական արտաքինով» մարդկանց նկատմամբ խտրականությունից, ռուսների մասին «հայելային» կատակ է արել) զգացմունքներ է վիրավորել և «հարուցել ազգամիջյալ թշնամանք»։
Կատակին այժմ «անդրադարձել» է նաև Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը՝ հարկադրելով կոմիկին լքել երկիրը։ Միրզալիզադեն Բելարուսի քաղաքացի է։
«Իր հրապարակային ելույթում Իդրակ Կահին օղլի Միրզալիզադեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք ատելություն և թշնամանք են հարուցում ազգությամբ ռուս անձանց նկատմամբ, նսեմացնում են նրանց մարդկային արժանապատվությունը։ Այդ կապակցությամբ նրա՝ ՌԴ տարածքում գտնվելը ճանաչվել է վտանգավոր հասարակական կարգի, այլոց իրավունքների և օրինական շահերի համար», – ասված է ՌԴ ՆԳՆ հաղորդագրությունում։
Այժմ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ պրոկառավարական լրատվամիջոցը, Միրզալիզադեն պարտավոր է լքել Ռուսասատանը․ նրա կացության իրավունքը կզրոյանա, հոժարական երկիրից չգնալու դեպքում՝ նա կենթարկվի դեպորտացիայի։
Տեսանյութում (ռուսերեն լեզվով) Իդրակ Միզալիզադեն պատմում է հետապնդման պատճառ դարձած ելույթի մասին։ Նրա խոսքերը՝ կտրված կոնտեքստից, շաբաթներ առաջ տարածվել են ազգայնական լրատվականների և Կրեմլի անվանի բարձրախոսներրի, այդ թվում՝ Վլադիմիր Սոլովյովի կողմից, ինչին հաջորդել են հազարավոր սպառնալիքներ, հաշվեհարդարի առնվազն մեկ փորձ, վարչական գործ՝ 10 օր կալանքով, այժմ՝ նաև վտարման մասին որոշում․․․