Նախավերբալ շրջանում որքան ավելի ուժեղ է մանկական ուղեղն արձագանքում սոցիալական փոխազդեցություններին, այնքան ավելի մեծ է լինում երեխայի բառապաշարը մեկուկես տարի անց։
Միացյալ Նահանգներում գիտնականները գրանցել են հինգ ամսական երեխաների ուղեղի էլեկրական ակտիվությունը ծնողների կամ սենյակում գտնվող այլ մեծահասակների հետ շփվելիս։ Արդյունքները ցույց են տվել, որ ուշադրության և սենսոմատորիկ մշակման հետ կապ ունեցող ուղեղի հատվածներն ավելի ուժեղ են ակտիվանում, երբ մեծահասակի խոսքը ուղղակիորեն հասցեագրված է երեխային, երբ մեծահասակն ու երեխան շփման ժամանակ նայում են միմյանց։ Մեկուկես տարի անց գիտնականները գնահատել են երեխաների բառապաշարը։ Պարզվել է, որ հինգ ամսականում սոցիալական փոխներգործություններին ավելի ակտիվ արձագանքող երեխաներն ունեն ավելի մեծ բառապաշար։ Հոդվածը հրապարակվել է Current Biology ամսագրում։
Երեխաները սովորաբար սկսում են խոսել մեկից երկու տարեկան հասակում։ Բայց երեխայի ուղեղը լեզվի յուրացմանը սկսում է պատրաստվել շատ ավելի վաղ, քան արտասանում իր «առաջին բառը»։ Այս պրոցեսում կարևոր դեր է ունենում բնական սոցիալական շփումը մեծահասակների հետ։ Պարզապես մարդկային խոսք լսելը լեզվի յուրացման հարցում բավարար չէ. կարևոր է, որ խոսքը ուղղված լինի հենց երեխային։
Այս հիպոթեզը ստուգելու համար Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները երկու փուլով էքսպերիմենտ էին մտածել. երեխաների ուղեղի մագնիսաէնցեֆալոգրամմա էին գրանցում երկու տարբեր պայմաններում։ Առաջին դեպքում ծնողները երեխաների հետ խոսում էին դեմքին նայելով, երկրորդում՝ շրջվում ու խոսում էին երեխայի տեսադաշտում գտնվող այլ մեծահասակի հետ։ Ուղեղի ուշադրության համար պատասխանատու հատվածներն էականորեն ավելի ուժեղ էին ակտիվանում դեմք դեմքի շփման դեպքում։
Գիտնականներին նաև հետաքրքրում էր հինգ ամսականում ուղեղի ակտիվության կապն ավելի ուշ շրջանում երեխայի ունեցած բառապաշարի ծավալի հետ։ Փորձին մասնակցած երեխաների բառապաշարը Մաքարթուր֊Բեյթսի մեթոդով նախ չափել են 1,5 տարեկան ժամանակ, հետո՝ երեք ամիսը մեկ մինչև 2,5 տարեկանը։ Հետազոտության արդյունքները համապատասխանում էին գիտնականների կանխավարկածին. հինգ ամսականում ծնողների հետ շփմանն ավելի ակտիվ արձագանքած երեխաներն ունեին ավելի մեծ բառապաշար։ Այս գաղափարը հասատում է նաև այն, որ աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաները, ովքեր հաճախ ուշադրություն չեն դարձնում իրենց ուղղված խոսքին, խնդիրներ են ունենում խոսել սովորելու հետ։ Ծնողի և այլ մեծահասակի զրույցին հետևելու և հետագայում լեզուն յուրացնելու կարողության միջև հստակ կորելացիա չի գրանցվել։