Զորակոչից Հայաստան փախած ռուսաստանցի տրանս կանայք՝ Օլգա Համիլտոնն ու Սեանա Սուն, աութինգի են ենթարկվել հայկական նացի տելեգրամ ալիքի կողմից։ Դրանից առաջ նրանց շանտաժ են արել և գումար պահանջել։ Երևանի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել։
Doxa.team-ին Օլգան և Սեանան պատմել են, որ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի առաջին տարում ապրել են բռնակցված Ղրիմում։ Երբ սկսվել է մոբիլիզացիան, գյուղի տղամարդկանց զանգվածաբար տարել են մարտի դաշտ։ Հարևանները ոստիականություն են դիմել և պահանջել, որ Օլգային և Սեանային էլ զորակոչեն։ Նրանք փախել են Կրասնոդարի մարզ, ավելի ուշ՝ Մոսկվա։ Որոշ ժամանակ ապրել են շելթրներում։ Ոստիկանական ռեյդից հետո տրանս-կանանց տարել են բաժին, սպառնացել, որ կուղարկեն ռազմաճակատ։
2023-ի դեկտեմբերին, երբ ԼԳԲՏ շարժումը Ռուսաստանում էքստեմիստական ճանաչվեց, իրավապաշտպանների աջակցությամբ կանայք տեղափոխվել են Հայաստան։ Օլգան միջազգային անձնագիրն ու զինգրքույկ չուներ՝ կորցրել էր ավտոստոպով ճամփորդելիս։
Հայաստանում ապրելու վեց ամիսների ընթացքում զույգը երեք կացարան է փոխել, հունիսից սկսել են օրավարձով ապրել և զբաղվել սեքս-աշխատանքով։ Աշխատանքային այլ հնարավորություններ չկային։
Հայաստանում Օլգան ու Սեանան կլիենտներ են փնտրել տելեգրամյան չատերում։ Հուլիսի 1-ի գիշերը «Ծանոթություններ Երևանում» չատում նրանց գրել է մի անծանոթ տղամարդ, 70 հազար դրամ է առաջարկել ինտիմ վիդեոների դիմաց։ Տեսանյութը ստանալուց հետո տղամարդը չի վճարել, ավելին՝ սկսել է շանտաժ անել։ Պահանջել է 140 հազար դրամ և սպառնացել՝ հակառակ դեպքում նյութերը կհայտնվեն հայկական տելեգրամյան ալիքներում։ Ասել է, որ գումարի փոխարեն կարող են տալ նաև այլ իրեր՝ ոսկի, արծաթ, հեռուստացույց։
Նույն օրը Օլգան և Սեանան դիմել են ոստիկանություն։ Նրանց դիմումն այնտեղ դժկամությամբ են ընդունել։ Մի քանի օր հետո կանանց մասին գրել է Xaytarak տելեգրամյան ալիքը՝ տրանս կանանց մեղադրելով երիտասարդ հայ տղամարդկանց բռնաբարելու մեջ։
Xaytarak-ը ռուսալեզու տելեգրամ ալիք է, որը «մասնագիտացած» է երիտասարդ հայ կանանց «պախարակման» և տղաների աութինգի մեջ։ Ալիքով տարածվում են հաճախ անչափահաս, հիմնականում կանանց լուսանկարները, տեսանյութերը և անձնական տվյալները։ Հետևորդներին ալիքի ադմինները կոչ են անում «վերադաստիարակել», պատժել, նվաստացնել «ձեռքից գնացած», «բաց հագնվող», «իրենց ցուցադրող» հայերին։ Ալիքի ադմինների զգալի մասը Հայաստանում չեն ապրում։ Ալիքը հայտնի է նաև նրանով, որ դարձել է շանտաժով փող կորզելու և վրեժ լուծելու միջոց։
Xaytarak-ում հայտնվելուց հետո Օլգան և Սեանան սկսել են անձնական նամակներ ստանալ ալիքի օգտատերերից՝ սպանության, բռնաբարության, ծեծի սպառնալիքներ։ Արտահոսել էր ոչ միայն նրանց տեսանյութը, այլև անձնական տվյալները և բնակության հասցեն։
Երկրորդ անգամ Օլգան և Սեանան ոստիկանություն են գնացել հուլիսի 3-ին։ Նրանք ինքնուրույն ճշտել էին բանկային քարտի տիրոջ անուն-ազգանունը, որի վրա շանտաժ անողը պահանջում էր գումար փոխանցել։ Կանանց խոսքով, ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել, թույլ էլ չեն տվել, որ մտնեն բաժանմունք։ Օլգան շորթողի տվյալներն ուղարկել է քննիչին, քննիչը կարդացել է նամակը, բայց չի պատասխանել։
Օլգայի և Սեանայի գործով հիմա Right Side իրավապաշտպան կազմակերպությունն է զբաղվում։ Կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Epress.am-ին ասել է, որ իրենց փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Քրգործի մասին մանրամասներ կհայտնեն հաջորդ շաբաթ։