Գյումրիի տներից մեկում մոտ 14 ամիս առաջ սպանված կնոջ դի է հայտնաբերվել։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է 49-ամյա տղամարդը։
Քննչական կոմիտեի և Ոստիկանության հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 21-ին ոստիկանություն դիմած տղամարդը պատմել է, որ երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել քրոջից՝ Գյուրիի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող 59-ամյա Վարդուհի Հակոբյանից, վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, գնացել նրա տուն, կոտրել պատուհանը, ներս մտել և տան մեջ գտել քրոջ դին։
Դեպքի վայր ժամանած օպերները տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել են սավանով ծածկված, նեխած դիակ (կմախք)՝ գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ դիրքում։ Քննչականից հաղորդել են, թե դատաբժշկի եզրակացության համաձայն՝ կինը մահացել է առնվազն 6 ամիս առաջ։ Ոստիկանությունը գրում է, որ նրան սպանել են մոտ մեկ տարի առաջ։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 8-ից Կումայրիի բաժնի կողմից կինը որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած: Եթե նման ընթացակարգ կար նախաձեռնված, ինչո՞ւ «որոնող» ոստիկանները անցած ավելի քան 5 ամիսների ընթացքում որևէ անգամ չեն այցելել նրա տուն։
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դանակ, օգտագործված մաստակներ, ծխուկներ, օղու շշեր, որոնց վրա եղել են մատնահետքեր, արնանման նյութի հետքերով սավան, վերմակի ծածկոց, ջարդված հեռախոս և այլ իրեր», – գրել է Քննչական կոմիտեն։ Վարդուհի Հակոբյանը ճանաչվել է տուժող։
Պարզվել է, որ հարազատները նրան վերջին անգամ տեսել են իր տանը՝ 2023-ի մայիսին, բայց հաղորդագրությունների միջոցով շփվել են նրա հետ մինչև 2024-ի հունիսի 16-ը, երբ կինը արդեն սպանված էր։
Հուլիսի 22-ի գիշերը 59-ամյա կնոջը սպանելու կասկածանքով Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել է Գյումրի քաղաքում հաշվառված, բայց Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ։ Տղամարդը որոշ ժամանակ ապրել է տուժողի հետ՝ Գյումրիում գտնվող նրա տանը։ «Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս սպանությունից հետո վերցրել է տուժողի հեռախոսը, որով կապ է պահպանել վերջինիս հարազատների հետ», – գրել է ՔԿ-ն։
Ոստիկանությունից մանրամասնել են՝ տղամարդուն գտել են Կոտայքի Քարաշամբ գյուղի տներից մեկում, ձերբակալել են և տեղափոխել Գյումրի։ Կումայրիի բաժնում տղամարդը խոստովանել է՝ ավելի քան մեկ տարի առաջ՝ 2023-ի ապրիլի վերջ-մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում, եղել է 56-ամյա կնոջ մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, քթից արյուն է հոսել։ Նա կնոջը պառկեցրել է բազմոցին ու քնել։ Լուսադեմին նկատել է, որ կինը մահացած է, փորձել է դին տեղավորել ճամպրուկին, բայց չի կարողացել։ Վերցրել է սպանված կնոջ բջջային հեռախոսները, տան և բակի դռները բանալիով փակել է ու հեռացել:
Հուլիսի 21-ին դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն։ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել և տեղափոխվել է Մուշի բաժնի ՁՊՎ։