հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / «Ավանդական արժեքներն» ու ընտանիքի բռնությունը հասցրել են դեռահասին ինքնասպանության

«Ավանդական արժեքներն» ու ընտանիքի բռնությունը հասցրել են դեռահասին ինքնասպանության

Նոյեմբերի 14-ի լուսադեմին 16-ամյա Խ․Ս․-ն նետվել է Դավթաշենի կամրջից և ինքնասպան եղել։ Լուրը հաստատել են Ոստիկանությունից։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանություն հասցնելու հոդվածով, իրականացվում է քննություն», – Epress.am-ին ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ընկերների խոսքով՝ տղան ինքնասպան է եղել սեռական կողմնորոշման ու տարբերվող արտաքին ունենալու պատճառով պարբերաբար բռնության ենթարկվելուց հետո։ 

«Մի քանի անգամ հայրն էնպես էր ծեծել, որ արյունոտ վիճակում եկել էր մեր օֆիս, որ վիրակապ դնենք։ Պարբերաբար ստիպում էր, որ խուզվի, իրերը դուրս էր շպրտում տնից, նվաստացնում», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Խ․Ս․-ի ընկերներից մեկը։

Ինքնասպանությունից ընդամենը մի քանի օր առաջ տղան հայտնվել է «հայկական արժեքների պահպանությամբ» զբաղվող «Xaytarak» ռուսալեզու տելեգրամ ալիքում, որը «մասնագիտացած» է երիտասարդ կանանց «պախարակման» և տղաների աութինգի վրա։ Ալիքով տարածվում են հաճախ անչափահաս, հիմնականում կանանց լուսանկարները, տեսանյութերը և անձնական տվյալները։ Հետևորդներին ալիքի ադմինները կոչ են անում «վերադաստիարակել», պատժել, նվաստացնել «ձեռքից գնացած», «բաց հագնվող», «իրենց ցուցադրող» հայերին։ Ալիքի ադմինների զգալի մասը Հայաստանում չեն ապրում։

«Մի հայտնի ռուս բլոգեր աղջիկ իր տելեգրամում տեսանյութ էր տեղադրել, որում ծաղրում էր Խ․Ս․-ին։ Էդ տեսանյութը ուրիշ տելեգրամյան ալիքներ, այդ թվում՝ «Xaytarak»-ը, հրապարակել են իրանց էջերում՝ շեշտելով, որ Խ․Ս․-ն գեյ ա», – ասել է տղայի ընկերը։

Մյուս ընկերը սա հաստատել է։

Նրանց խոսքով՝ Խ․Ս․-ին հեռացրել են աշխատանքից «Xaytarak»-ի հրապարակումը տեսնելուց հետո։ «Tru Tru» սրճարանի ադմինիստրացիան երիտասարդին նամակագրությամբ պատճառաբանել է, որ «ֆրիկի հետ չեն կարող աշխատել»։

Հրապարակման մասին ծնողներն այդ պահին չեն իմացել։ Տղան, ամեն դեպքում, գիտեր՝ երբ աութինգի լուրը հասնի նաև նրանց, ամեն ինչ ավելի վատ է լինելու։

Հրապարակման հաջորդ օրը խանութում գողացել են նաև նրա հեռախոսը։ Տանը իմացել են դրա մասին, հայրը ծեծել է։

«Ինձ լուսադեմին զանգեց, խնդրեց, որ օգնեմ գտնել հեռախոսը․ խանութի տեսագրությամբ ճանաչել էին գողացողին։ Հեռախոսը գտնել չկարողացանք, իրան հետ ճանապարհեցինք տուն։ Ծնողները դուռը չբացեցին։ Եկավ մեզ հետ։ Նա մեզնից գաղտնի մի բուռ դեղ էր կուլ տվել, որ ինքնասպան լինի։ Երբ իմացանք, ստիպեցինք հետ տալ», – պատմել է ընկերը։

Մի քանի ժամ հետո ծնողները տուն են թողել նրան։ Հաջորդ ամբողջ օրվա ընթացքում ընկերներին չի հաջողվել կապի դուրս գալ տղայի հետ։ 

Ավելի ուշ Խ․Ս․-ի մայրը ասել է նրանց, որ նա գնացել էր Ոստիկանություն՝ գողացված հեռախոսի գործով ցուցմունք տալու։ 

Նրա երկրորդ հեռախոսն այդ ընթացքում հայտնվել էր ծնողների մոտ, որոնք զանգում էին գրանցված համարներով ու հարցուփորձ անում՝ ովքեր են պատասխանողները։ 

«Երեկոյան զանգեցի Խ․Ս․-ի երկրորդ հեռախոսին, մայրը վերցրեց ու սկսեց ագրեսիվ տոնով հարցնել՝ ով եմ ես, որտեղից գիտեմ իր տղային և այլն։ Հետո մեր մյուս ընկերը զանգեց, պարզվեց, որ Խ․Ս․-ն իր գողացված հեռախոսի համար գնացել ա Ոստիկանություն։ Իրան բաժնում պահել են առավոտը 9-ից մինչև երեկոյան 6-ը, որովհետև ծնողները դիմում են գրել, իբր մինչ այդ փախել ա տնից», – Epress.am-ին ասել է նրա ընկերներից մյուսը։

Հաջորդ գիշեր Խ․Ս․-ն ինքնասպան է եղել։ Ընկերները դրա մասին իմացել են նրա մորից, որը զանգել է իրենց և մեղադրել տղայի մահվան մեջ։

Հոգեհանգստի արարողությանը մասնակցել ընկերներին չեն թողել․ «Սկզբից չէինք հավատում, մտածում էինք՝ խաբում են, որ մահացել է, որ մեր շփումը կտրեն, իրան երկրից դուրս տանեն։ Ինքը Հայաստանի քաղաքացի չի։ Բայց ոստիկանությունից իմացանք, որ իրոք ինքնասպան ա եղել։ Ծնողներին խնդրեցինք գնալ հոգեհանգստի արարողությանը, չթողեցին»։

Խ․Ս․-ի ինստագրամը ծնողների վերահսկողության տակ է, ըստ ընկերների՝ նրանք հիմա փորձում են նամակագրություններում ինչ-որ բաներ գտնել, մահվան մեղքն իրենց վրա գցել։ Ծնողները վստահ են՝ իրենց երեխան «վատ շրջապատում է հայտնվել»։ Մինչ այդ փորձել են կտրել նրա կապը ընկերների հետ, «դարձի բերել»։

«Ինքը տարբերվող շարժուձև ուներ։ Մազերը երկար էր պահում։ Ինստագրամում, որը չնայած փակ էր, օրինակ՝ ուղիղ եթերով գրիմ էր անում։ Տանը կասկածում էին, որ գեյ է։ Մոր հետ համեմատաբար ավելի լավ հարաբերություններ ուներ։ Խորթ հոր հետ՝ չէ։ Հայրը իրան պարբերաբար ծեծում էր։ Ինստագրամում մի անգամ նույնիսկ սթորի էր հրապարակել՝ արյունոտված դեմքով, ձեռքին մազափունջ, ասում էր՝ հայրն ա քաշել պոկել։ Ինքը խուսափում էր տուն գնալ, մնում էր գործի տեղը աշխատանքից հետո, կամավոր օգնում էր», – ասել է ընկերներից մեկը։

Իրար հետևից անընդհատ վատ բաներ էին լինում՝ հիշում է մյուսը․ «Ինքնասպան լինելու մտքեր ինքը առաջ էլ ուներ։ Մեկ-մեկ տենց բաներ էր ասում։ Ինքնասպան լինելուց մի քանի ժամ առաջ էլ ինստագրամում զամետկա էր արել՝ Կատյա Սամբուկայի «Мой гениальный план» երգը ու գրել՝ «На этом все»։ Երևի պլանավորել էր ամեն ինչ»։

շապիկի նկարը՝ Խ․Ս․-ի սոցցանցային էջերից