Վիլնյուսի փողոցի տներից մեկում 36-ամյա տղամարդը վիճաբանել է 26-ամյա ընկերուհու հետ, ըստ ոստիկանության՝ վիճաբանության ընթացքում տղամարդը ծեծել է կնոջը, կինն էլ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան։
Մարտի 17-ին՝ առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում, ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով 36-ամյա տղամարդը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում, ըստ ոստիկանության, նա ասել է, որ մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում իրեն դանակահարել է անհայտ անձը։ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ» են ձեռնարկել և «պարզել», որ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան բռնության արդյունքում։
Ոստիկանությունից հաղորդել են՝ 26-ամյա կնոջը ձերբակալել են և «կազմված փաստաթղթերի» հետ միասին ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։
Թե ինչ կարգավիճակ նա ունի՝ պարզ չէ։ Քրեական գործի հոդվածը չի հրապարակվել։ Ոստիկանությունից այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդում։