Հայաստանում բանտարկված 22-ամյա Բանգլադեշի քաղաքացի Էմդի Անիմուլ Հոքը (MD Animul Hoq) ընդունում է իր մեղքը և ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Իրավիճակը բարդացնում է Հայաստանի և Բանգլադեշի միջև հարաբերությունների և համապատասխան պայմանագրերի բացակայությունը։
Epress.am-ի հետ զրույցում Հոքը ասել է՝ չէր կարող պատկերացնել, որ սահմանն ապօրինի հատելու փորձը նման դաժան պատիժ է ենթադրում՝ 3,5 տարի ազատազրկում։ Բանգլադեշում, ըստ նրա, կսահմանափակվեին չնչին տուգանքով։
Էմդի Անիմուլ Հոքը Հայաստան է եկել 2022 թվականին՝ ուսումը շարունակելու և որպես ծրագրավորող աշխատելու նպատակով։ Հայաստանում կացության իրավունք է ստացել։ Ասում է՝ 2023-ին հրավիրվել է Թուրքիա՝ մասնագիտական սեմինարի, մի քանի դեսպանատների միջոցով փորձել է վիզա ստանալ, բայց ապարդյուն։ Անցած տարվա հոկտեմբերին նրան բռնել են հայ-թուրքական սահմանի Արարատի մարզի հատվածում և մեղադրել «մի խումբ անձանց կողմից» Հայաստանի պետական սահմանը անօրինական հատելու փորձի համար։ Էմդինն ընդունել է մեղքը և դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման։
Տղայի ծնողները մահացել են, Բանգլադեշում նրան սպասում է կինը, դուստրը և տատիկը։ Անիմուլ Հոքը տան միակ աշխատողն էր։ Կինը պատմել է Epress.am-ին, որ ամուսնու հետ կատարվածի մասին տեղյակ են հայաստանյան և միջազգային իրավապաշտպանները, բայց գործը տեղից չի շարժվում, արտահանձնման պրոցես չկա։ Կինը ուզում է, որ ամուսինը վերադառնա հայրենիք։ Ներման խնդրանքով նրանք դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
լուսանկարը տրամադրել է Նադիա Սուլտանա Պոպին՝ Էմդի Անիմուլ Հոքի կինը
Էմդինի խոսքով, կալանավորման և դատական պրոցեսի ժամանակ ինքը լեզվական խնդիրների է բախվել նաև․ ԱԱԾ-ի սահմանապաները հայերենով ինչ-որ թուղթ են ստորագրել տվել և ասել՝ դրա դիմաց կազատվի։ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում հասկացրել են, որ կկարողանա վերադառնալ Բանգլադեշ, երբ վճիռը մտնի օրինական ուժի մեջ։
«Չեմ ասում, որ մեղավոր չեմ։ Ես հարգում եմ Հայաստանի օրենքները, ինձ պետք չէ այդչափ դաժան պատժել, ես հո ահաբեկիչ չեմ, խնդրում եմ ինձ ներել և թույլ տալ գնալ Բանգլադեշ», – հեռախոսազրույցում ասել է Էմդի Անիմուլ Հոքը։
Բանտարկյալի կինը՝ Նադիա Սուլտանա Պոպին, Epress.am-ին ուղարկել է ամուսնու հայաստանյան ուսանողական և կացության վկայականները, այլ փասթաթղթերի պատճեններ։
«Ամուսինս մեր ընտանիքի միակ կերակրողն է: Մենք ունենք փոքր աղջիկ, տարեց տատիկ, իսկ ես տնային տնտեսուհի եմ։ Ամուսնուս ծնողները մահացել են, երբ նա փոքր էր։ Հենց ամուսինս է պատասխանատու մեր ընտանիքի կարիքները հոգալու համար:
Ամուսինս հայկական սննդին սովոր չէ, և մենք չենք կարողանում նրան գումար ուղարկել ուտելիք գնելու համար։ Նա նաև չի կարողանում շփվել ընտանիքի հետ՝ ֆինանսական սղության պատճառով։ Մենք ապրում ենք գյուղական վայրում, որտեղ ինտերնետ հասանելիություն չկա, ուստի չենք կարողանում նրա հետ հեռախոսով խոսել։
Ամուսինս Հայաստան է մտել ուսանողական վիզայով 2022 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նա սովորել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում, բայց հաջորդ ամիսների ուսման վարձը չի կարողացել վճարել։ Նրա Հայաստանի ժամանակավոր կացության քարտը լրացել է 2023 թվականի հոկտեմբերի 15-ին։ Նա ընկճված էր ու անհանգստացած իր ընտանիքի, հետագա կրթության և կարիերայի համար։
լուսանկարը տրամադրել է Նադիա Սուլտանա Պոպին՝ Էմդի Անիմուլ Հոքի կինը
Նա մտածել է Հայաստանը օրինական ճանապարհով լքելու մասին, բայց դիմել է դեսպանատներ՝ եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր ստանալու համար։ Դիմումները մերժվել են։ Նա սխալ է թույլ տվել՝ փորձելով անօրինական կերպով հեռանալ Հայաստանից, և այժմ բանտում է։ Սակայն մինչ 2023 թվականի սեպտեմբերի 4-ը նա տեղյակ չի եղել Հայաստանի պետական սահմանի մասին օրենքից, հետո գիտակցել է իր սխալը և դատարանում ընդունել մեղքը։
Ամուսինս արդեն գրել է Հայաստանի արդարադատության նախարարություն՝ Բանգլադեշ վերադառնալու հարցում օգնություն խնդրելով: Արդարադատության նախարարությունը նրան տեղեկացրել է, որ Հայաստանի և Բանգլադեշի միջև գոյություն չունի դատապարտյալների տեղափոխման երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագիր։ Ասել են, որ կքննարկեն ամուսնուս հարցը։
Լեզվական խոչընդոտները և իրավական ռեսուրսների բացակայությունը խանգարել են շփվել ընտանիքի հետ և սահմանափակել պաշտպանվելու իրավական հնարավորությունները», – գրել է բանտարկյալի կինը՝ տեղ-տեղ հակասելով ամուսնու պատմածին։