Home / Դատարան / Նախկին ամուսինը ճնշում է կնոջը՝ օգտագործելով երեխային

Նախկին ամուսինը ճնշում է կնոջը՝ օգտագործելով երեխային

Երկուսուկես տարեկան երեխայի մայր Իլոնա Ալեքսանյանն ահազանգում է՝ նախկին ամուսինը գողացել է իրենց որդուն։ Հուլիսի 4-ին հայրը՝ Լյուդվիգ Ավետիսյանը, վերցրել է երեխային, տարել իր տուն և մինչ օրս չի վերադարձրել մոր մոտ։

Խնամքի հարցը քննարկվել էր դատարանում և փակվել հունիսի 4-ի հաշտության համաձայնությամբ։ Սահմանվել էր երեխայի հետ շփման կարգը. երկուշաբթիից չորեքշաբթի օրերին երեխան մնալու է հոր մոտ, մյուս օրերին՝ մոր մոտ։

Իլոնան կրկին դիմել է Դատարան և պահանջել հարկադիրով վերադարձնել երեխային՝ համաձայն նոտարի մոտ կնքված համաձայնության ու Երևանի քաղաքացիական դատարանի հունիսի 4-ի վճռի։ Նաև քրեական հայց է ներկայացրել Ոստիկանություն։ Որոշման են սպասում երկու շաբաթվա ընթացքում։

Մինչ վճիռները կայացվեն՝ Լյուդվիգն ու նրա ընտանիքը խոչընդոտներ են ստեղծում մոր և երեխայի տեսակցության համար։ Ըստ Իլոնայի՝ նրանք փորձում են ստիպել իրեն վերադառնալ ամուսնու տուն։

Զույգը բաժանվել է երեք տարի համատեղ կյանքից հետո։ Կնոջ խոսքով՝ համատեղ կյանքն ուղեկցվել է բռնություններով, ծեծով, հոգեբանական ճնշումներով։ Այս տարվա փետրվարին Իլոնան որոշել է բաժանվել։ Վերջնական որոշման պատճառ է դարձել այն, որ զուգընկերն արգելել է իրեն աշխատել և ստիպել է տեղափոխվել իր ծնողների տուն՝ Հոկտեմբերյան։ Իլոնան 24 տարեկան է, աշխատում է որպես բուժքույր։

Նրա մանկահասակ որդին հիմա զրկված է մոր հետ լինելու հնարավորությունից, հաճախ Լյուդվիգի ծնողների մոտ է մնում, որոնք պնդում են, թե չեն խոչընդոտի Իլոնայի հետ հանդիպումներին, եթե դրանք իրենց տանն ու իրենց հսկողությամբ լինեն։

«Ինձ պարտադրում են գնալ իրենց տուն, իրենց տանը տեսնել երեխային։ Մայրն ասում է՝ եթե կարոտեիր երեխայիդ, կգայիր մեր տուն»,- Epress.am-ին պատմել է կինը։ Համատեղ կյանքի մեծ մասը Իլոնան և Լյուդվիգն անցկացրել են կնոջ հայրական տանը՝ Ավանում, մոտ երկու ամիս ապրել են Լյուդվիգի ծնողների հետ՝ Հոկտեմբերյանում։ Կնոջ խոսքով, սկեսուրի հետ համակեցությունը չի ստացվել, ուղեկցվել է մշտական վեճերով և «վատ հարս» լինելու մեղադրանքներով։ Ամուսնու կողմից բռնությունները պարբերական բնույթ են կրել։ Այս կյանքին վերադառնալ նա չի ուզում։

Երեխային վերադարձնելու հարցում նա աջակցություն է ակնկալում նաև իրավապաշտպաններին։

շապիկի լուսանկարը՝ Cy Twombly, Untitled (Bacchus), 2008