2024 թվականի ամառային զորակոչը Հայաստանում դեռևս շարունակվում է, այնուամենայնիվ արդեն իսկ արձանագրվել են մի շարք իրավական և ընթացակարգային խնդիրներ, որոնք ֆիքսվել են նաև նախորդ՝ 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում։
Հելսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը իրավապաշտպանական աջակցություն է տրամադրում զորակոչիկներին և նրանց հարազատներին, ամփոփել է արձանագրված խնդիրները.
1․ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները զորակոչիկներին տրամադրում են թերի ուղեգրեր, չի իրականացվում զորակոչիկների առողջական վիճակի ամբողջական, համալիր հետազոտություն, չեն հետազոտվում առողջական բոլոր խնդիրները։
2․ Անտեսվում են զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության սահմանման համար որոշիչ նշանակություն ունեցող առողջական խնդրները։
3․ Արձանագրվել են առողջական խնդիրների վերաբերյալ զորակոչիկների գանգատների անտեսման դեպքեր, զորակոչիկների առողջական վիճակի մասին «տրվում է բանավոր ախտորոշում», մասնավորապես՝ զորակոչիկներին հայտնում են, որ «ամեն ինչ նորմալ է» և հետազոտություններ իրականացնելու կարիք չկա։
4․ Զորակոչիկի կողմից իր առողջական վիճակի հետազոտության արդյունքները բողոքարկելու դեպքում զորակոչիկը ստուգիչ հետազոտության է ուղեգրվում կրկին նույն բժշկի մոտ։ Հետևաբար, զորակոչիկների կողմից արդարացիորեն կասկածի տակ է դրվում ստուգիչ հետազոտության օբյեկտիվությունը։
5․ Առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ համաձայն չլինելու պատճառով զինվորական ծառայության չզորակոչվելու հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զորակոչիկները երբեմն չեն ենթարկվում դատաբժշկական փորձաքննության։ Միաժամանակ վարույթ իրականացնող մարմինը զորակոչիկներին հայտնում է, որ վերջիններս առողջական վիճակի հետազոտությունների կենթարկվեն հաջորդ զորակոչի շրջանակներում։ Մինչդեռ, նման կերպով բժշկական հետազոտությունների զորակոչիկները կարող են ենթարկվել միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ «Զորակոչի ենթակա քաղաքացու առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում փորձաքննական եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո, և քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ»։
6․ Զորակոչ իրականացնող մարմինների կողմից հակասական մոտեցում է դրսևորվում զորակոչիկների սեփական ֆինանսական միջոցներով հետազոտությունների իրականացման հարցում։ Մասնավորապես, որոշ տարածքային ստորաբաժանումներում զորակոչիկին հայտնում են, որ վերջինս պետք է առողջական խնդիրների առկայությունն ապացուցի իր սեփական միջոցներով իրականացված առողջական վիճակի հետազոտություններով, մյուս կողմից այլ տարածքային ստորաբաժանումներում հրաժարվում են ընդունել զորակոչիկի սեփական միջոցներով իրականացված առողջական վիճակի հետազոտության արդյունքները՝ պատճառաբանելով, որ դրանք, իբր, կարող են կեղծված լինել զորակոչիկների կողմից՝ «բժիշկների հետ համագործակցության արդյունքում»։ Փաստորեն, առկա է մի իրավիճակ, երբ փաստացի առողջական խնդիր ունեցող զորակոչիկի՝ զինվորական ծառայությանը պիտանիության մասին որոշումը կայացվում է թերի հետազոտությունների հիման վրա, քանի որ, մի կողմից առողջական խնդիրը չի բացահայտվում զորակոչի շրջանակներում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների ընթացքում, մյուս կողմից զորակոչիկի ներկայացրած հետազոտության արդյունքները հաշվի չեն առնվում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից՝ կասկածի տակ դնելով դրանց հավաստիությունը։
7․ Ինչպես նախորդ տարիներին, ներկայումս մի շարք բժշկական կենտրոններ շարունակում են հրաժարվել զորակոչային տարիքի անձանց հետազոտել վերջիններիս սեփական ֆինանսական միջոցներով, նշելով, որ կա «հստակ ցուցում չհետազոտելու 17 տարեկանից բարձր արական սեռի քաղաքացիներին»։
8․ Եզակի դեպքերում, երբ որևէ բժշկական հաստատության բժիշկը ի սկզբանե տեղեկացված չէ սեփական ֆինանսական միջոցներով հետազոտվող անձի զորակոչիկ լինելու հանգամանքի մասին, հետազոտում է վերջինիս, սակայն պարզելով, որ անձը զորակոչային տարիքի է, հայտում է, որ «չի կարող արձանագրել իր նկատած բոլոր խնդիրները», քանի որ մտահոգություն ունի, որ այդ պարագայում իրեն կարող են «աշխատանքից ազատել»։
9․ Զորակոչային տարիքի անձանց բժշկական հաստատություններում («Միքայելյան» ԲԿ, «Արաբկիր» ԲԿ, «Թիվ 1 հիվանդանոցային համալիր») հետազոտում և բուժում են իրականացնում միայն ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։ Որոշ դեպքերում հրատապ բուժում պահանջող առողջական խնդիրներով զորակոչիկներին հրաժարվում են ընդունել բուժհաստատություններում նույնիսկ սեփական ֆինանսական միջոցներով, հորդորելով ներկայացնել տարածքային ստորաբաժանումների կողմից տրված ուղեգիր։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թոքաբորբով զորակոչիկը ստիպված է սպասել շուրջ 20 օր, որպեսզի տարածքային ստորաբաժանումից ստանա ուղեգիր հետազոտվելու համար։
10․ Մի շարք առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները ևս առնչվում են թերի հետազոտությունների խնդրին։ Այսպես, առողջական խնդիրներից մի քանիսի կապակցությամբ հետազոտվելու համար ուղեգիր տրամադրելուց հետո, երբ զորակոչիկը պահանջ է ներկայացնում իրեն մյուս բոլոր առողջական խնդիրների կապակցությամբ ևս հետազոտելու մասին, ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումում զորակոչիկին հայտնում են, որ նա արդեն իսկ ունի բազմաթիվ ուղեգրեր և նոր ուղեգրերի կարիք չկա՝ ասելով ՝ «այսքան ուղեգրեր ես ստացել հետազոտվելու համար, էլ ի՞նչ նոր ուղեգիր ես ուզում», առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ զորակոչիկի անձնական գործում առկա մի քանի ուղեգրերը միայն խնդիրներից մի քանիսի հետազոտության համար են։ Մինչդեռ մյուս առողջական խնդիրների կապակցությամբ զորակոչիկները չեն ուղեգրվում հետազոտությունների և արդյունքում պիտանիության մասին որոշումը կայացվում է զորակոչիկների առողջական վիճակի ոչ ամբողջական, համալիր հետազոտությունների հիման վրա։
11․ Շարունակում է մտահոգիչ մնալ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության որոշ աշխատակիցների վերաբերմունքը զորակոչիկներին՝ զիվորական ծառայության զորակոչվելու մասին ծանուցագրից հրաժարվելու դեպքում իրավական հետևանքների մասին հայտնելիս։ Մասնավորապես, որոշ տարածքային ստորաբաժանումներ (ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում) զորակոչիկներին «սպառնում են» «ռոզիսկ»-ի (քրեական հետախուզման) վտանգով ծանուցագրից հրաժարվելու դեպքում։ Այսինքն, զորակոչիկներին ոչ միայն պատշաճ չի իրազեկում իրենց իրավունքների և պարտականությունների մասին, այլև դրսևորում են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որը ոչ միայն հանդիսանում է մարդու իրավունքի խախտում, այլև որպես հետևանք խիստ բացասական վերաբերմունք է ձևավրում զորակոչիկի մոտ զինվորական ծառայության հանդեպ։
12․ Բուժման նպատակով զորակոչիկներին տրամադրված տարկետման ժամանակահատվածում զորակոչիկները որևէ բուժում չեն ստանում։ Արդյունքում առողջական վիճակում առանց որևէ փոփոխության զորակոչիկները հաջորդ հերթական զորակոչին ճանաչվում են պիտանի/սահամնափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում ծառայության։
Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով․
093111615 Նազելի Մովսեսյան
094582792 Անուշ Պետրոսյան։