Սեպտեմբերի մեջ գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստան, ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում խոսել է «պարբերաբար բարձրացվող» թեմայի մասին՝ հերքելով հնարավոր տպավորությունն, ըստ որի, նման իրավիճակը միայն Հայաստանում է։ Նա հիշատակեց այն հայաստանցիներին, ովքեր երկար տարիներ արտագնա աշխատանքի են մեկնում, և նշեց, որ համաճարակային իրավիճակը շատ երկրներում է պահպանվում։
«Համաճարակային իրավիճակ է ոչ միայն Հայաստանում․ այսօր ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է՝ դեպի Ռուսաստան, Ռուսաստանից և իրար մեջ նույնպես։ Եվ եթե Ռուսաստանի Դաշնության մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ։
Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ համաճարակային վիճակը և վիճակի ընկալումները հնարավորություն են տալիս, որ մենք ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը։ Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ֆորմատով», – նշել է կառավարության ղեկավարը։
Երկրորդ կարևոր հարցը ուղևորափոխադրումների և սահմանների բացումն է․ «Ինչքան հասկացա, քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե ո՞ր ավիաընկերություններն են պատրաստվում դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնել։ Ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթներ դեպի Հայաստանի Հանրապետություն»։
Վարչապետի խոսքով՝ փոփոխություններ են իրականացվել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված։ Այսպես, արտերկրից ժամանած քաղաքացիներն, ովքեր չեն ուզում 14 օր մնալ կարանտինում, կարող են տեղում թեստ հանձնել, մեկ օրում ստանալ պատասխանը և բացասական պատասխանի դեպքում կարանտին չանցնել։
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն, իր հերթին, նշեց, որ ՀՀ այս պահի դրությամբ որևէ արգելք որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ մուտքի արգելք չի սահմանել՝ օդային ճանապարհով․ «Ինչ վերաբերում է տեղում նմուշառմանը, այս պահի դրությամբ օդանավակայանում կառուցվում են համապատասխան նմուշառման կետեր՝ մոտավորապես քսանն են դրանք լինելու, և այն քաղաքացիները, ովքեր կցանկանան տեղում իրականացնել նմուշառումը, հնարավորություն կունենան դա անել հե՛նց օդանավակայանում, ստանալ պատասխանը և միանգամից դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից»։