հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Նախկին քաղաքապետերը գերշահագործում են վարորդներին հանուն «մինիմալ աշխատավարձի»

Նախկին քաղաքապետերը գերշահագործում են վարորդներին հանուն «մինիմալ աշխատավարձի»

Տասը երթուղու մոտ 150 միկրոավտոբուսների վարորդներ այսօր առավոտյան գործադուլ էին հայտարարել:

Գծատերերը հերթական անգամ բարձրացրել են վարորդների վրա դրված պլանը՝ օրավճարը։ Թանկացել է նաև գազը։

Գազի գինը բարձրացել է մոտ 2500 դրամով․ նախկին 7000-7500-ից դառնալով մոտ 10 հազար։ 1500 դրամով բարձրացել է պլանը։ Վարորդները օրական ստիպված են մուծել մոտ 27 հազար դրամ։ Ասում են՝ 12 ժամ աշխատելուց հետո տուն են վերադառնում դատարկ գրպաններով։

Նրանք կառավարությունից և Երևանի քաղաքապետարանից պահանջում էին արձագանքել խնդրին և բանակցել գծատերերի հետ․ կա՛մ գազի գինն իջեցնել, կա՛մ էլ տնօրինությանն ասել, որ պլանը չբարձրացնեն։

Տնօրինությունից` «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ից փորձեցինք ճտել՝ ինչո՞վ է պայմանավորված որոշումը։

Պարզվեց՝ նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ 

«Հիշո՞ւմ եք՝ կառավարությունը մարդկանց մինիմալ աշխատավարձերը բարձրացրեց։ Ընկերությունը բարձրացնում է պլանը, որպեսզի բարձրացնի աշխատողների մինիմալ աշխատավարձը՝ ժամավճարը։ Կառավարության որոշմամբ, մինիմալ ժամավճարը պետք է բարձրացվի, չէ՞։ Այսինքն մենք էլ պետք է բարձրացնենք վարորդների պլանը, չէ՞», – Epress.am-ի հետ զրույցում ասաց ընկերության շահագործման բաժնի պետ Հայկ Սարգսյանը։

Գծատերերը, փաստացի, աշխատողների նվազագույն աշխատավարձը բարձրացնելու իրենց իրավական պարտականությունը որոշել են բարդել հենց աշխատողների ուսերին։

Կեսօրին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ գործատու ընկերության հետ ձեռք բերված «ժամանակավոր պայմանավորվածության» շնորհիվ գործադուլ իրականացնող հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիների վարորդները վերադարձել են աշխատանքի․ «Երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է»:

Քաղաքապետարանից փորձեցինք ճշտել՝ ո՞րն է «ժամանակավոր պայմանավորվածության» բովանդակությունը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանեց՝ կոնկրետ պայմանավորվածություն, իրականում, չկա․ «Ավելի շուտ պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա պայմանավորվածության մասին»։

«Խնդիրը գործատուների և վարորդների միջև է, նրանց իրավահարաբերությունների տիրույթում։ Գործատուն որոշել է բարձրացնել օրավճարները։ Քաղաքապետարանը պարտադրելու լիազորություններ այստեղ չունի։ Բայց ունի գործընթացը վերահսկելու լիազորություն։ Մենք երկու շաբաթ ժամանակ ունենք այս հարցերը քննարկելու համար։ Քաղաքապետարանը շահագրգռված է հանրային տրանսպորտի անխափան աշխատանքով, և իր լիազորությունների սահմաններում մասնակցելու է խնդրի հանգուցալուծմանը», – Epress.am-ի հետ զրույցում ասաց մամուլի խոսնակը։

Գծատերերի ներկայացուցիչը հաստատեց՝ պայմանավորվել են եկող երկու շաբաթների ընթացքում քննարկել խնդիրները։ Պլանը, ամեն դեպքում, բարձրացվելու է․ «Որովհետև հնարավոր չէ․ ձեռնարկությունը կա՛մ պետք է փակվի, կա՛մ պետք է բարձրացվի»։

Հիշեցնենք, որ «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ն՝ Երևանի ամենախոշոր գծատերերից մեկը, պատկանում է Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանի և Գագիկ Բեգլարյանի ընտանիքներին։ Տնօրենն է Կարեն Բեգլարյանը։ Սեփականատերերից է Սեյրան Զախարյանը՝ Երվանդ Զախարյանի ավագ եղբայրը: