Թուրքիան մտափոխվել և աջակցել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալուն, դրա դիմաց Շվեդիան և Ֆինլանդիան, ի թիվս այլի, խոստացել են, որ կօգնեն ոչնչացնել քրդական քաղաքական միավորները, կակտիվացնեն քուրդ ակտիվիստների արտահանձնման աշխատանքները և կվերացնեն թուրքական զենքի նկատմամբ մինչ այդ սահմանված էմբարգոն։ Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ թուրքական ռեժիմի դեմ ապստամբած քրդերի համար՝ պատմում է «Woman, life, freedom» ալիքի հեղինակ, վերջին տարիներին Սիրիական Քուրդիստանում ապրող ֆրիլանս լրագրող «Լիզա Շիշկոն»։
— Շվեդիայի և Ֆինլյանդիայի՝ Թուրքիայի համաձայնությամբ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարող է պատկերազարդել ժամանակակից աշխարհակարգի շքեղությունն ու աղքատությունը։ Մի քանի լղոզված արտահայտություններով, օրինակ՝ «ահաբեկիչների դեմ ընդհանուր պայքար», հռչակված ժողովրդավարությամբ երկու երկրներ պաշտոնապես աջակցեցին Թուրքիայի արյունախում ռեժիմին։ Թե ինչ է իրականում նշանակում այս ընդհանուր պայքարը, միայն Ալլահին է հայտնի:
Նախևառաջ, թե Ֆինլանդիան, թե Շվեդիան ԻԼԻՊ-ի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի Միջազգային կոալիցիայի գործընկերներ են։ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի Միջազգային կոալիցիան հյուսիսարևելյան Սիրիայում ամենաքնքուշ կերպով համագործակցում է քրդերի հետ, որոնց մեծամասնությունը կամ PKK-ի՝ Քրդական բանվորական կուսակցության անդամներ են, կամ կապված են PKK-ի հետ: Ավելին՝ շվեդացի դիպլոմատները պարբերաբար այցելում են Սիրիայի հյուսիսարևելքում գտնվող Ինքնավար վարչակազմ, որը, անկեղծ լինենք, ստեղծվել է և գոյություն ունի PKK-ի շնորհիվ։
Այժմ՝ շնորհիվ նոր համաձայնագրի, այս երկրները զենք են վաճառելու Թուրքիային, որն ուզում է ոչնչացնել Ինքնավար վարչակազմը, իր տարածքներում է թաքցնում «Իսլամական պետության» պարագլուխներին և առհասարակ՝ ագրեսիվ ռազմական քաղաքականությամբ մղձավանջ է զգալի քանակի երկրների համար։
FETÖ-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի վիլան, ի դեպ, գտնվում է ԱՄՆ-ում՝ ճիշտ ծանոթներիցս մեկի մորաքրոջ տան կողքին։ Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիա չեն արտաքսում։ Թուրքիան այս կապակցությամբ ոչ մի պայման չի դրել ԱՄՆ-ի առաջ՝ բացի Գյուլենին արտահանձնելու անհույս խնդրանքներից։ Ու բան չկա, հյուսիսատլանտյան եղբայրությունում ինչ-որ կերպ հանդուրժում են միմյանց։
Երկրորդը՝ Թուրքիայից, Իրաքից ու Սիրիայից բոլոր քաղաքական և ոչ միայն քաղաքական փախստականների ու գաղթականների համար Շվեդիան ամենաբարենպաստ երկրներից մեկն էր։ Այժմ «ահաբեկչական կազմակերպության հետ փոխկապակցված» ապաստան հայցողների արտաքսումը հեշտանում է։ Քրդական ազատագրական պայքարին աջակցողների, առհասարակ՝ ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները կուժեղանան։ Թե որքան մարդ է Թուրքիայում բանտարկվել ահաբեկչության մեղադրանքով՝ ավելի լավ է չհարցնեք։
Թուրքիայում ընդհանրապես բարդ է ահաբեկիչ չլինել։ Դատելով բանտարկված ահաբեկիչների թվից՝ ահաբեկչությունն այնտեղ փոխանցվում է ծննդյան իրավունքով ու օդակաթիլային ճանապարհով։ Ի՞նչ է սա նշանակում քրդերի համար, որոնք Շվեդիա էին փախչում Թուրքիայից կամ Սիրիայից։ Պատկերացրեք՝ մոտավորապես նույնը, ինչ եթե Վրաստանը կամ Հայաստանը սկսեին հիմա ամեն կերպ ճնշել և նույնիսկ Ռուսաստան արտաքսել ընդդիմադիր ռուսաստանցիներին։
Ավելի շատ խոչընդոտներ կլինեն հիմնադրամների, իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական հարաբերությունների զարգացման և PKK-ն ահաբեկչական ցուցակից հանելու փորձերի համար։ Բնականաբար, սրանից ամենաշատը կտուժեն առավել անպաշտպան խմբերը։ Գյուլենի նմաններին, որ հնարավորություններ ու փող ունեն, ոչ ոք ձեռք չի տա։ Բայց PKK-ի կամ FETÖ-ի հետ կապերի մեջ մեղադրվող մի խեղճուկրակի միանգամայն հնարավոր կլինի Շվեդիայից օրինական կերպով փոխանցել Թուրքիա՝ անմիջապես շշին։ Թուրքիայում ընդդիմադիրը՝ առանց այդ էլ վախվորած, ավելի երկար է մտածելու՝ նախքան Էրդողանի ռեժիմի դեմ բողոքի դուրս գալը, որովհետև երկրների ցանկը, որտեղ կարող է օգնության դիմել, ավելի է փոքրացել։