Երևանից 8 կմ հարավ-արևելք 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
«Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ», – հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ավերվածություններ և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
լրացում․ – 16։22 Բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի խափանումներ, գրում է ԲՏԱ նախարարությունը։
Յուքոմից, Վիվա-ՄՏՍ-ից զանգեր անել Երևանում այս պահին հնարավոր չէ։ Բիլայնը գործում է խափանումներով, Ֆիքսված հեռախոսակապը (քաղաքային համարները)՝ անխափան։
լրացում․ – 16։38 «Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել։ Երկրաշարժի էպիկենտրոնը, նախնական տվյալներով, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել», – ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
լրացում․ – 17։41 Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։ Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը, հայտնում է ԱԻՆ-ը
լրացում․ – 19։01 Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են ևս 2-ը՝ Չեխովի փողոցում (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ)։ Ստացված մոտ 1310 ահազանգերից հաստատվել է դեռևս չորսը, հայտնում է ԱԻՆ-ը։
լրացում․ – 19։07 Հետցնցումների ակտիվությունն այս պահին թուլացել է։ Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները, գրում է ԱԻՆ-ը։
Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ԱԻՆ-ի ուղեցույցը՝ այստեղ