Վերջին օրերին մեկ անգամ ևս ակնառու երևաց, թե ինչ է լինում այն տարածքներում, որտեղ շահագործվել և շահագործվում են մետաղական հանքեր։ Կապան քաղաքում թռչնի թռիչքից արված լուսանկարներն (1, 2) ու տեսանյութը ցույց տվեցին, թե ինչ աղետալի վիճակ է առաջանում անձրևից հետո հանքերի շահագործման հետևանքով առաջացած թափոնների, լցակույտերի և լքված հանքերի պատճառով։ Իսկ Կապանի միջով հոսող Ողջի գետ էլ ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ։
Կապանում անձրևից հետո այսպիսի թթվային գետակներ են հոսում փողոցների մի մասով, 26.05.2019
Այսպիսի տեսք ուներ Ողջի գետը Կապանի կենտրոնական հատվածում 2019թ․ մայիսի 31-ին
Կավարտի լքված հանքավայրի աղտոտված ջրերը Կապան քաղաքի կենտրոնում միանում են Ողջի գետին, 31.05.2019
Դիտեք նաև մայիսի 31-ին թռչող սարքով արված այս տեսանկարահանումը՝ https://www.facebook.com/watch/?v=420426075206956
Կապանում տասնյակ տարիներ է ստորգետնյա եղանակով շահագործվում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, հարյուր տարուց ավել էլ շահագործվել է Կավարտ թաղամասի մոտ գտնվող բաց հանքը և Կենտրոնական հանքավայրը (Լենհանքերը), որն այժմ ամբողջովին լքված է և մատնված անտերության։ Անձրևաջրերը լվանում են այդ հանքերի և դրանց բազմաթիվ թափոնակույտերի թթվային ապարներն ու դեղնադարչնագույն առվակների տեսքով հոսում են Կապան քաղաքի փողոցներով և Ողջի գետի վտակներով՝ ի վերջո լցվելով Ողջի գետը։
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դեռ 2015-ին անդրադարձել էր Կավարտի լքված հանքի պատմությանը՝ ահազանգելով առկա խնդիրների մասին։ Իսկ արդեն 2017-ի մայիսին ՀԲՃ-ն ավելի մանրամասն ուսումնասիրեց խնդիրը՝ նմուշառում կատարելով Ողջի գետի վտակ Կավարտ գետով հոսող ջրից։ Ջրի փորձանմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ուղղակի շոկային եղան և հաստատեցին մեր ամենավատ կանխատեսումները։ Դրանց համաձայն ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել էր խիստ թթվային միջավայր ու կազմել 3,22։ Դա էլ իր հերթին առաջացրել էր ջրում ծանր և վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։ Դրանք տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում էին սահմանված էկոլոգիական նորմերը։
Սա հենց մետաղական հանքերի թթվային ապարների դրենաժի դասական օրինակ է, որը լրջագույն և անկառավարելի էկոլոգիական խնդիր է և անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում՝ շարունակվելով հարյուրավոր տարիներ։ Այս տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի մետաղական հանքերի շահագործման հետևանքով առաջացող խիստ վտանգավոր թթվային դրենաժը Կավարտում։
ՀԲՃ-ն 2017-ին դիմել էր նախորդ կառավարությանը՝ առաջարկելով վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքները։ Դիմումում մատնանշված էր նաև Կապանի և Կավարտի խնդիրը։ Սակայն այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված «պատասխանը» ցույց տվեց, որ որոշում կայացնողները զբաղված են միայն գրագրությամբ և գործուն քայլեր անելու ցանկություն ընդհանրապես չունեն։
Արդեն 2019-ին մեր գործընկերները մի հետաքննություն են արել թթվային առվակի մասին, որը տասնյակ տարիներ հոսում է Կապանի տարածքով, բնակելի տների մերձակայքով՝ բնակիչներին պատճառելով մի շարք անհարմարություններ։ Այս առվակի ջրերը նույնպես ունեն բարձր թթվայնություն և ծանր մետաղների անթույլատրելի բարձր կոնցենտրացիա։ Հարցումների արդյունքում պարզվել է, որ այս ամենի պատասխանատուն փաստացի համարվում է մեր պետությունը, իսկ հանքարդյունաբերողները որևէ պատասխանատվություն չունեն։
Դիտեք նաև տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=efw4A2rxNNg
Գաղտնիք չէ, որ ՀՀ նախկին կառավարությունները տարիներ շարունակ ուղղակի աչք են փակել մետաղական հանքավայրերի շահագործման հետևանքով առաջացած էկոլոգիական և առողջապահական խնդիրների վրա: Գաղտնիք չէ նաև, որ հանք շահագործող ընկերություններն այդ նույն տարիների ընթացքում գրեթե անպատիժ աղտոտել են բնական միջավայրը։ Եվ ինչպես իրավացիորեն նշված է հետաքննող լրագրողների «Հետք» կայքում հրապարակված հոդվածներից մեկում՝ «Կավարտը պատասխան է նրանց, ովքեր շեփորահարում են պատասխանատու հանքարդյունաբերության մասին»։
Հույսեր կային, որ ՀՀ նոր կառավարությունը կփոխի մոտեցումներն ու ավելի հետևողական կգտնվի նմանատիպ հարցերի նկատմամբ։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում հանքերի տարաբնույթ խնդիրները լուծելուն ուղղված բանավոր խոսքերն ըստ էության մնում են չիրականացված, քանի որ կառավարության մյուս օղակները դեռ պատրաստ չեն այդ փոփոխություններին։ Կապանի այս օրինակը բնականաբար միակը չէ, քանի որ Հայաստանի լեռնահանքային բոլոր շրջաններում մետաղական հանքավայրերի շահագործման բացասական հետևանքներն այս կամ այլ ձևերով ազդում են բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Փաստերը բազմաթիվ են, տարիներ շարունակ դրանք արձանագրվել են և կան նաև գիտական լուրջ հետազոտություններ։
Ամուլսարում և ընդհանրապես Հայաստանում նոր մետաղական հանքեր բացելու մասին խոսողներին խնդրում ենք ուշադիր նայել այս հոդվածում ներկայացված լուսանկարներն ու տեսանյութերը, ծանոթանալ գիտական հետազոտություններին, փորձել այս և մնացած խնդիրների իրական լուծումները գտնել, իրականացնել դրանք և հետո նոր հաշվել հանքերի օգուտներն ու դրանք բացելու համար արված այսպես կոչված «ներդրումների» ծավալները։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]