Կապանում այսօր 5։20-ի սահմաններում հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության մեքենան: Տարիներ շարունակ թերթը լուսաբանել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի և «Զանգեզուրի ՊՄԿ» ընկերության գործունեությունը։ Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն այս հարձակումը կապում է իրենց կողմից բարձրացրած հարցերի հետ։ Այս մասին գրում է syuniacyerkir.am-ը՝ ընդգծելով, որ սա թերթի նկատմամբ կատարված առաջին հարձակումը չէ։
«Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե 2018 թ. օգոստոսի 13-ին թերթի խմբագրի դեմ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու առիթով հարուցված քրեական գործը նպատակին ծառայեր ու չկասեցվեր, հանցագործը բացահայտվեր:
Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե հանրապետության ղեկավարներն ու իրավապահ մարմիններն արձագանքեին թերթի խմբագրի դեմ 2018 թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում կատարված առեւանգման փորձին:
Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե բացահայտվեին 2017 թ. հուլիսի 10-ին թերթի կայքի վրա կատարված հակերային հարձակման հեղինակները. այդ առիթով հարուցված քրեական գործը նույնպես կասեցվել է:
Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե երկրի պատկան մարմինները բացահայտեին, թե ինչ հանգամանքների արդյունքում է 2018 թ. հունվարի վերջին և փետրվարի սկզբին, մեկ շաբաթվա ընթացքում, թերթի խմբագրի եւ խմբագրության աշխատակցի դեմ միանգամից հարուցվել 6 քրեական գործ, բոլորն էլ՝ այդ օրերի մարզպետի ենթակաների տված սուտ մատնության հիման վրա. ի դեպ, մատնությունների տեքստերը, գրեթե նույն բովանդակությամբ և բառացի կրկնությամբ, հորինվել են Սյունիքի մարզպետարանում:
«Սյունյաց երկիրը» վերջին 2-3 տարում բազմաթիվ անգամ անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի սյունիքյան վնասարարությանը, ինչպես եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեությանը: Թերթը, ընդառաջ գնալով հազարավոր սյունեցիների ցանկություններին, մասնավորապես պահանջել է բացահայտել Քաջարանի կոմբինատի սեփականատերերին և զսպել Սյունիք ներխուժած հրոսակների ախորժակը:
Միայն այսօր Քաջարանի կոմբինատի ղեկավարները քաղաքացիական 13 հայց ունեն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի և թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի:
Ընդ որում՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անթաքույց լծվել է Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի պաշտպանությանը:
Հայցերից մեկի ապահովման նպատակով նույնիսկ Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի գործունեությունը, ավելի կոնկրետ՝ «Սյունյաց երկիր» թերթին ու կայքին արգելվել է որևէ կարծիք հայտնել կոմբինատի սոցիալական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանի մասին:
Տասնմեկ մլն դրամի չափով, նույն դատարանի որոշմամբ, արգելանք է դրվել թերթի խմբագրի անձնական ունեցվածքի վրա:
Նույն դատարանը, խախտելով ընդդատության գործող կանոնները, վարույթ է ընդունել նաև Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի հայցը, որի հաշվառման վայրը Ռուսաստանի Դաշնությունում է և, դատավարության գործող կանոնների համաձայն, հայցը պետք է վարույթ ընդունվեր բացառապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նույն դատարանը երեք ամիս շարունակ ջանքեր է գործադրում, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հայցը, ում եղբայրը Հայաստանի զինվորական դատախազի տեղակալն է, դատաքննվի դռնփակ դատական նիստերում, ինչի համար իրավական որևէ հիմք չկա:
Ահա այսպիսի մթնոլորտում էլ 2019 թ. փետրվարի 5-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել խմբագրության մեքենայի հրկիզումը:
Եվ, այդ բոլորով հանդերձ, ըստ Սամվել Ալեքսանյանի, թերթը և կայքը շարունակելու են գործել բնականոն հունով, ոչ մի հրոսակ, ոչ մի գաղութարար, որքան էլ վայելեն երկրի բարձրաստիճան ղեկավարների հովանավորությունը, չեն կարողանալու կասեցնել մեր ընթացքը», -գրում է թերթը:
Ադրադառնալով տեղի ունեցածին՝ իրավապաշտպան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոստիկանությունը պետք է գլխի վրա կանգնի, բայց բացահայտի այս դեպքը։Հույսով եմ, որ քննությանը չի խանգարի այն հանգամանքը, որ թերթի հիմնական «թշնամի» Վահե Հակոբյանն ու Արթուր Վանեցյանը մտերիմ ընկերներ են (առնվազն եղել)։ Հ.Գ. Գեներալ-լեյտենանտի ուսադիրներով իրավապահ-մարզպետից խաբար կա՞»։