Home / Բնապահպանություն / Հայաստանը հանք է զարգացած երկրների համար

Հայաստանը հանք է զարգացած երկրների համար

«Գերմանիան շահույթ է ստանում մեր մետաղական հանքերից։ Մենք աղքատանում ենք, մահանում քաղցկեղից»։ Նման գրության պաստառով այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դիմավորել են նախագահ Արմեն Սարգսյանի աշխատավայրի մոտ։

Քաջարանում գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) բաժնետոմսերի մի մասը պատկանում է գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությանը։

«Սա միայն գերմանական բաժնետոմս ունեցող ԶՊՄԿ-ի մասին չէ խոսքը, որից անմիջապես, որպես բաժնետեր, շահույթ է ստանում Գերմանիան։ Գերմանիան շահույթ է ստանում նաև Հայաստանում շահագործվող այլ մետաղական հանքներից․ խտանյութը կամ հանքանյութն ապրանքային շղթայով ուղարկվում է Գերմանիա, որտեղ մշակվում է», – Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան, ակցիայի մասնակից Աննա Շահնազարյանը։

Նա նշել է, որ Հայաստանի մետաղական հանքերի շահագործումն ամբողջությամբ «թաթախված է» կոռուպցիայի մեջ, և Գերմանիայի կառավարությունն անձամբ է մեղսակից Զանգեզուրի հանքավայրի 2003 թվականի «ապօրինի, անհասկանալի և անհավասարաչափ» մասնավորեցման մեջ։

Հայաստանը, որպես 3-րդ աշխարհի երկիր, ընդգծել  է Շահնազարյանը, հանդիսանում է այսպես կոչված հանքահումքային կցորդ զարգացած երկրի համար։

Մեկ այլ պաստառով բնապահպանները պահանջել են, որ այսօր, երբ Մերկելը Հայաստանում է, բանակցությունների սեղանին դրվեն նաև տնտեսական արդարության խնդիրները։

«Հայաստանում չի կարող մասնավոր ընկերությունների գործունեությունը քաղաքական և պետությունների միջև բանակցությունների թեմա չլինել», -նշել է բնապահպանը։

Նշենք, որ այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Հայաստան։ ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ Գերմանիայի կանցլերը ժամանել է Հայաստան։