Home / Բնապահպանություն / «Չենք թողնելու բացեն»․ դասադուլ և գործադուլ Ջերմուկում

«Չենք թողնելու բացեն»․ դասադուլ և գործադուլ Ջերմուկում

Ջերմուկում դպրոցների աշակերտները, զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունների՝ հյուրանոցների, ռեստորանների և տուրիստական ընկերությունների աշխատակիցները վաղ առավոտից դասադուլ և գործադուլ էին անում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ 

Դասադուլն ու գործադուլը մաս են կազմում անհնազանդության ակցիաների, որոնց մասին դեռևս սեպտեմբերի 9-ին Ջերմուկում կայացած հանրային քննարկման ժամանակ հայտարարել էր բնապահպան Շիրակ Բունիաթյանը։ Արձագանքելով վարչապետ Փաշինյանի կոչին՝ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները, ջերմուկցիները կառավարությանը 10 օր ժամանակ էին տվել՝ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը կասեցնելու համար, և հայտարարել, որ խնդրին վերջնական լուծում չտալու դեպքում ստիպված են լինելու դիմել պայքարի այլ ձևերի, այդ թվում՝ գործադուլների և դասադուլների։

Գնդևազում, Կեչուտում և հարակից համայնքներում դասադուլ անող դպրոցականները առավոտյան միացան Ջերմուկում հավաքվածներին և համատեղ քայլերթ իրականացրերից Ջերմուկի կենտրոնում՝ վանկարկելով «Ամուլսարը սար է մնալու», «Ամուլսարը հանք չի դառնալու»։ 

«Մենք այսօր գործադուլ ենք անում, որ վերջապես մեր պատկան մարմինները իմանան՝ ինչի ենք մենք ընդունակ։ Չի՛ լինելու հանք ու վերջ։ Ոչ մեկ համաձայն չի, Ջերմուկի ոչ մի բնակիչ։ Չենք թողնելու բացեն,» – լրագրողների հարցերին պատասխանելիս, ասաց ցույցի մասնակիցներից մեկը։ 

Քայլևերթի հետո կարճ եկույթով հանդես եկավ բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։ 

«Մենք կարող ենք անել դասադուլներ, գործադուլներ, փակել փողոցներ, այսնիքն՝ այն միջոցները կիրառել, որով իրենք իշխանության են եկել,» – ասաց բնապահպանը:

Նա նշեց՝ Ջերմուկ համայնքի բնակիչները Ամուլսարի հարցը դեռևս մեկ ու կես տարի առաջ են լուծել և սպասում են, որ կառավարությունն իր որոշմամբ լեգիտիմացնի այդ  լուծումը: Այնուհետև նա հորդորեց դադարեցնել գործադուլն ու դասադուլը։ Բողոքի ակցիան ավարտվեց։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օրվա շրջանակներում բողոքի ցույցեր են լինելու նաև Երևանում։