Home / Բնապահպանություն / Հրատապ և ինքնաբուխ․ երթ հանուն Ամուլսարի

Հրատապ և ինքնաբուխ․ երթ հանուն Ամուլսարի

Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի այգուց մեկնարկեց «Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնության կազմակերպած երթը՝ հաջակցություն ջերմուկցիների և ընդդեմ Ամուլսարի հանք դառնալու։ 

Երթը արձագանք էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 9-ի հայտարարությանը, որով Փաշինյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ թույլ տալ «Լիդիան Արմենիա» շահագործող ընկերությանը ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ Վարչապետը կրկին հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու իրավական հիմքեր (առնվազն այս պահի դրությամբ) չկան և կոչ արեց ջերմուկցիներին ապաշրժափակել Ամուլսար տանող ճանապարհները։ Նույն օրը Ջերմուկում տեղի ունեցած հանրային քննարկումից հետո Ամուլսարի պահպաններն ու տեղացիները հայտարարեցին, որ չեն պատրաստվում (բացել ճանապարհները և) թույլ տալ «Լիդիանին» շարունակել շինարարական աշխատանքները։ 

Երթի մասնակիցները դուրս էին եկել փողոց ևս մեկ անգամ վերահաստատելու Ամուլսարի պաշտպանության իրենց հանձնառությունը եւ հայտարարելու՝ գործադրելու են ամեն ջանք և շարունակելու են զորակցել հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիներին։

Երթը մեկնարկեց Ազգային ժողովի այգուց, որի դարպասները օգոստոսի 19-ին ոստիկանական պատնեշով փակվել էին վարչապետի հետ հանդիպմանը եկած ջերմուկցիների և նրանց սատարող քաղաքացիների առջև։ Դարպասներն այս անգամ ևս փակ էին, սակայն՝ ի տարբերություն նախորդ անգամվա, կարճ բանակցություններից հետո բացվեցին։ Այգում ելույթ ունեցավ ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը՝ համառոտ ներկայացնելով Ամուլսարի խնդրի նախապատմությունը և երթի նպատակները։ Հավաքվածները քննարկեցին երթուղին և շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։ 

Արամ Խաչատրյանի արձանի մոտ ՀԲՃ անդամ Անի Խաչատրյանը բարձրախոսով ընթերցեց հատվածներ ավելի վաղ հրապարակված հայտարարությունից, ինչից հետո ցուցարարները Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Երթը ավարտվեց Կառավարության շենքի դիմաց՝ ՀԲՃ անդամ Աննա Շահնազարյանի ելույթով։ 

«Մենք միանում ենք սեպտեմբերի 20-ին համաշխարհային բնապահպանական շարժմանը, որը ամբողջ աշխարհով մեկ անց է կացվելու, իսկ Հայաստանում` բնապահպանական խորագրի ներքո, կոնկրետ Ամուլսարի խնդրի համար փողոց է տանելու բազմահազար մարդկանց։ Հայտարարում ենք սեպտեմբերի 20-ը բնապահպանական մոբիլիզացիայի օր,» – ասաց Շահնազարյանը՝ կոչ անելով պատրաստվել զանազան ակցիաների, ինքնակազմակերպվել եւ դուրս գալ փողոցներ, պայքարել բնապահպանական արդարության համար։ 

Երթին մասնակցում էին նաև Հեղառիթմերը (Rhythms of Resistance)՝ թմբուկներով, ինքնաշենք գործիքներով և վանկարկումներով։