Home / Բնապահպանություն / Հավատալ և ապաշրջափակել Ամուլսարը․ Փաշինյան

Հավատալ և ապաշրջափակել Ամուլսարը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցցանցի ուղիղ եթերում կրկին հայտարարել, որ առնվազն այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Նա խնդրեց Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները։ Այս խնդրանքը վարչապետը կրկնեց մի քանի անգամ։ Ըստ «Լիդիան»֊ի հավաստիացումների՝ հանքում շինարարությունը չի սկսվելու առնվազն մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը։

«Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները։ Մենք չենք կարող ասել՝ դե֊յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհանգստություններ ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել նաև մեր օգնությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել, որ էդ ամեն ինչը մեզ չի հետաքրքրում։ Բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունները։ Անպայամն պետք է հաշվի առնենք», ֊ մասնավորապես, ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ, մյուս կողմից, իրենք չեն կարող հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունների հետ։

Ըստ նրա՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում կառավարությունն ունի որոշակի ազդակներ, որոնք վկայում են հետևյալի մասին․ իրավիճակը ճշգրիտ չկառավարելու դեպքում, այն կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացմանը, ինչի հետևանքները բոլորս կարող ենք զգալ․ «Այդ թվում մեր կողմից ստացվող, ես նկատի ունեմ և՛ պետությունը, և՛ բանկերը, և՛ հետևաբար, քաղաքացիները կարող ենք զգալ մեր կողմից ստացվող վարկերի, տոկոսների, այսինքն՝ փողի, արժեքի տրամաբանությամբ»։

Եթե, շարունակում է Փաշինյանը, Հայաստանն ասի, որ ուղղակի թույլ չենք տալիս Ամուլսարի հանքը շահագործվի, շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ․ «Բնապահպանական մտավախությունների՞ց ելնելով։ Այո, իհարկե։ Էստեղ ծագում է հաջորդ հարցը․ բա ինչո՞ւ եք, օրինակ, թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի, կամ Թեղուտի հանքը շահագործվի, արդյոք դրանք համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտների և որևէ բնապահպանական խնդիր չեն առաջացնում: Ահա այստեղ է, որ մենք կարող ենք ունենալ միջազգայնորեն շատ լուրջ խնդիր, երբ որ հանկարծ պարզվի կամ մեր գործած սխալների արդյունքում պարզվի, որ մենք խտրական մոտեցումներ ենք ցուցաբերում»։

Փաշինյանը նշեց նաև, որ հանձնարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ իրաանացնել Ամուլսարի հանքում։ Ըստ վարչապետի՝ այդ ստուգումները տեսականորեն կարող են հանգեցնել եզրակացության երեք տարբերակի․
1. խախտումներ չկան,
2. կան խախտումներ և անճշտություններ, որոնք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխոթյունների, և նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի լինի,
3. կան խախտումներ և անճշտություններ, դրանք հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի, ուրեմն նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա։

Վարչապետի խոսքով, կան հարցեր, որոնց ստուգումը տեսչական մարմնի լիազորություններում չէ, և այդ հարցերի պատասխանը կարող է տալ Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործի նախաքննությունը։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի քննիչ Յուրի Իվանյանի և Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապին, Փաշինյանն ասաց․ «Երբ այդ քրեական գործը հարուցվել է և հայտնվել է Իվանյանի վարույթում, նա զեկուցել է իր վերադասին, որ կապ ունի Գրիգորյանի հետ։ Իր վերադասը բացել է քրեական դատավարության օրենսգիրքը և պարզել, թե արդյո՞ք այդ ամենը օրենքի տառին հակասում է, թե՞ ոչ։ Արձանագրել է, որ դա բացարկման հիմք չէ, և այն չի զեկուցել իր վերադասին։ Արդյո՞ք այստեղ խնդիր տեսնում ենք, այո՛ տեսնում ենք։ Հիմա քրեական գործը վերցվել է Իվանյանի վարույթից, այն կհնանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին»։

Բացի դա, Փաշինյանը նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ կառավարությունը հնարավորություն ունի ամենօրյա մոնիթորինգ իրականացնել Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար․ «Այսինքն՝ մենք ցանկացած պահի կարող ենք գնալ օդի նմուշ վերցնել, ջրի նմուշ վերցնել, աղմուկի մակարդակը չափել և երբ որ արձանագրվի որևէ խախտում, կառավարությունը ունի լծակներ այդ խախտումներին ընթացք տալու և դրա չվերացման պարագայում մեկընդմիշտ արգելելու կամ լիցենզիան չեղյալ ճանաչելու»։

Կառավարության առջև խնդիր է դրվել, որ շրջակա միջավայրի նախարարությունը գնի անհրաժեշտ տեխնիկան մինչև մյուս տարվա գարուն-ամառ, որպեսզի պատշաճ մակարդակի մոնիթորինգ իրականացնելու հնարավորություն ունենա։ Բացատրելով՝ ինչու է նշվում գարուն֊ամառ ժամանակահատվածը, նա ասաց․

«Երբ մենք «Լիդիան»-ի ներկայացուցիչներին հրավիրեցինք, մենք ասացինք՝ ենթադրենք, օրինակ, սեպտեմբերին դուք նորից հասանելիություն եք ստանում դեպի հանք, ի՞նչ ժամկետներում եք պատկերացնում շինարարության ավարտը և հանքի շահագործման մեկնարկը, և նոր շինարարության մեկնարկը։ Իրենց ընկալմամբ՝ իրենք առաջինը պետք է մտնեն, տարածքն ուսումնասիրեն, իրենց գնահատմամբ՝ ամենաշուտը շինաշխատանքներն իրենք կսկսեն մյուս տարվա ապրիլ-մայիսին և բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թվականի 4-րդ եռամսյակն է։ Բայց ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է։ Սա ընդգծում եմ՝ ասելու համար, որ եթե այսօր դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները բացվեն, այնտեղ աշխատանքները չեն սկսվելու առնվազն մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը։ Բայց էդ ճանապարհի փակ լինելը հենց էսօր միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի տեսակետից Հայաստանի համար լրջագույն պռոբլեմներ է ստեղծում․․․ Եվ ես հիմա էս խնդրանքով դիմում եմ Ջերմուկի մեր սիրելի բնակինչներին նաև սա հաշվի առնելով, որ եթե հիմա ճանապարհը ենթադրենք բաց ա, էնտեղ շինաշխատանքները, «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, հիմա տենում եք՝ արդեն եղանակներն էլ փչանում են, մյուս տարվա ապրիլից շուտ չեն սկսվելու։ Մենք հնարավորություն ունենք հանդարտ պայմաններում մեր բոլորիս հարցերի պատասխանները ստանալ»։