Home / Բնապահպանություն / Հայկական գիտությունը ունակ չէ գնահատել Լիդիանի ՇՄԱԳ-ը

Հայկական գիտությունը ունակ չէ գնահատել Լիդիանի ՇՄԱԳ-ը

Գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարել են 1 շաբաթվա ընթացքում Ամուլսարի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տալ եզրակացություն։ ԳԱԱ-ի ոչ Մաթեմատիկայի ինստիտուտը, ոչ էլ Երկրաբանության ինստիտուտը օբյեկտիվորեն չի կարող գնահատական տալ, քանի որ երկու ինստիտուտներից ոչ մեկն էլ չունի համապատասխան ռիսկերի գնահատման պրակտիկ մասնագետների խումբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը։

«Ռիսկերի կառավարումն աշխարհում երիտասարդ մասնագիտություն է և բուռն զարգացում է ապրել 1980-ական թվականներից սկսած։ Արդեն 10 տարուց ավել է այդ ուղղությամբ մասնագետներ Հայաստանում պատրաստում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնը։ Ամբիոնը պատրաստում է ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետներ և լավագույն շրջանավարտները միանգամից աշխատանքի են անցնում Կենտրոնական բանկում, ֆինանսական կառույցներում և ապահովագրական կազմակերպություններում։ Այլ տիպի ռիսկերի կառավարման մասնագետներ, իմ իմանալով, Հայաստանում չեն պատրաստվում։

Ամուլսարի հետ կապված կան երկու տեսակ ռիսկեր՝ ֆինանսական և բնական։ Վերջինս իր մեջ ներառում է ինժեներական, բնապահպանական, երկրաբանական վերլուծություններ և ռիսկերի գնահատումներ։ ԵՊՀ-ում ծանր ժամանակներ ապրող աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնական ծրագրերում նման բաներ չկան։ Սովետական ժամանակի ծրագրերը (երբ դեռ ռիսկերի կառավարումը հստակ ձևավորված ուղղություն չէր) ռիսկերի մասին ոչինչ չէին ասում ու, ցավոք, նույն ծրագրով սովորում են առ այսօր։

Գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարել են 1 շաբաթվա ընթացքում Ամուլսարի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տալ եզրակացություն։ Ինքս 14 տարի աշխատելով ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում կարող եմ փաստել, որ ոչ Մաթեմատիկայի ինստիտուտը, ոչ էլ երկրաբանության ինստիտուտը չի կարող օբյեկտիվորեն տալ գնահատական, քանի որ երկու ինստիտուտներից ոչ մեկն էլ չունի համապատասխան ռիսկերի գնահատման պրակտիկ մասնագետների խումբ։ Պետք է հասկանանք, որ ռիսկը բազմաչափ է և մեկ ԱՅՈ կամ ՈՉ-ով չի գնահատվում։

Դրա փոխարեն ինձ համար հիմնասյուն է Լիլիթ Գևորգյանի կարծիքը [Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում ռիսկերի գնահատման թերությունների մասին], ով ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում 6 տարի սովորելուց հետո մասնագիտացավ երկրաբանության ոլորտում և 2012-2016 թվականներին ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ հետազոտություն է կատարել Իտալիայի Պավիա համալսարանում», – գրել է Գոգյանը։

[թարմացում]․ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է․ «Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին (N 1/02.1/12286), որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ: Մինչդեռ, Շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն, նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ  տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները»՝ հավելելով, որ «Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է որոշում իր որոշման մասին՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործման նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) պե՞տք է արվի, թե՞ ոչ։

Tekali Taxi