Home / Հայաստան / Արցախում ավելի բարդ է, քան Սերժ Սարգսյանի Հայաստանում

Արցախում ավելի բարդ է, քան Սերժ Սարգսյանի Հայաստանում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ Ստեփանակերտի մասնաճյուղը 16 միլիոն 200 հազար դրամ է ստացել ՀՀ կառավարությունից ԼՂ֊ում առաջին անգամ՝ սեպտեմբերի 8-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Գումարը ծախսվելու է բացառապես Արցախում՝ տարածքի վարձակալությունից մինչև դիտորդներին վճարումը։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակի գործադիր տնօրեն Վահրամ Թոքմաջյանը համոզված է՝ ավելցուկ է լինելու․ «Բոլոր էն գումարները, որոնք չեն ծախսվելու, կոպեկ առ կոպեկ հետ են գնալու բյուջե։ Եթե մտահոգներից որևէ մեկին հետաքրքիր կլինի, մենք բաց ենք, թող գնան, աուդիտ կազմակերպող ընկերություններին, 2-3 հարյուր հազար դրամ է դրա արժեքը, որ է՛լ ավելի թափանցիկ լինի, թող էդ փողը վճարեն, գան՝ աուդիտ անեն, պատրաստ ենք հաշվետվությունը վերջին լումայով ներկայացնելու»։

Խոսելով բուն դիտորդական գործունեության մասին, նա նկատեց, որ Արցախի հետ առնչվող ցանկացած քննարկում որոշ մարդկանց կողմից կարող է դառնալ մանիպուլյացիայի առարկա։ Չցանկանալով քաղաքական անդրադարձներ անել, Վահրամ Թոքմաջյանը, մասնավորապես, ասաց, որ դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացի մի մասն են, որոնք է՛լ ավելի են լիգիտիմացնում ընտրական գործընթացը, և ավելի լավ է, որ այս գործընթացում ներառված են հայաստանյան կազմակերպություններ, և շատ ավելի լավ է, որ դրանք արդեն իսկ Արցախում մասնաճյուղեր ունեն, և նաև արցախցիներն են ներառված այս քաղաքացիական վերահսկողական մեխանիզմների մեջ։

«Օրինակ, ես մտադիր չեմ շարունակել էս ընտրություններից հետո պաշտոնավարել «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակում, որովհետև նախանշվում են ակտիվ ներգրավված մարդիկ, ովքեր ինձանից տասնյակ անգամ ավելի լավ, ավելի կազմակերպված կարող են այդ գործն անել Ստեփանակերտում», ֊ Մեդիա֊կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Թոքմաջյանը։

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը, ով տեսակապի միջոցով է միացել ասուլիսի մասնակիցներին, չափազանց կարևոր է համարում ՀՀ կառավարության որոշումը։ Ընդհանրապես, ըստ նրա, հայաստանյան հասարակությունը բազմաթիվ կարծրատիպեր ունի Արցախի մասին․ դրանցից մեկը վերաբերում է նրան, թե Արցախը ժողովրդավարական դրախտ է, որտեղ ամեն ինչ իդեալական է։

«Հայաստանյան հասարակությունը, Սփյուռքը տարիներ շարունակ Արցախին էր նայում երկնագույն ակնոցներով և փորձում էր ամեն ինչ իդեալական ձևով ներկայացնել։ Բայց իրականում Արցախում իրավիճակը շատ ավելի բարդ է, քան նույն Սերժ Սարգսյանի Հայաստանում, որովհետև եթե Սերժ Սարգսյանի Հայաստանում կար քաղաքացիական հասարակություն, կային այլընտրանքային անկախ լրատվամիջոցներ, ապա Արցախում այդ ամենը չկա․ բոլոր ռեսուրսները չափազանց կենտրոնացված են», ֊ նշել է Գրիգորյանը։

Տարիներ առաջ իշխանության եկած մի խումբ մարդիկ մենաշնորհել են երկրի բոլոր ռեսուրսները․ դե-ֆակտո չկա որևէ անկախ լրատվամիջոց, չկա ուժեղ հասարակական կազմակերպություն։ Եվ, իհարկե, ընտրություններն էլ ունեն իրենց սպեցիֆիկան, հավելել է Գրիգորյանը․ ընտրախախտումների տեսակն այլ է և դրանք հիմանակնում տեղի են ունենում քվեարկությունից օրեր առաջ, սակայն այդ օրը ևս, վերահսկողության բացակայության պայմաններում, նույն խախտումներն են տեղի ունենում։

«Ու այն գործիչները, որոնք այսօր ակտիվացել են թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում, օրինակ, հատկապես խոսքը վերաբերում է Վիտալի Բալասանյանին, շատ լավ գիտեն այս խնդիրների մասին։ Նույն Բալասանյանը 2012 թվականին, երբ նա նախագահի թեկնածու էր, կարողացել էր պահել իր ձայներն այն տեղամասերում, որտեղ ուներ վստահված անձ, որտեղ ինչ֊որ տեսակի դիտորդներ կային։ Բայց այն շրջաններում, որտեղ դիտորդներ, վստահված անձինք չկային, խայտառակ արդյունքներ էին գրանցվել», ֊ ասել է ընդդիմադիրը։

Ինչ վերաբերում է հայաստանյան կառավարության կողմից դիտորդական առաքելությունը ֆինանսավորմանը, Գրիգորյանն այս փաստը շատ դրական է համարում․ առհասարակ, «Ազգային վերածնունդը»՝ հեղափոխությունից հետո, անընդհատ շեշտում է, որ ՀՀ կառավարությունն ու քաղհասարակությունը պետք է նպաստեն Արցախում քաղաքացիական հասարակության և վերահսկողական մեխանիզմների զարգացմանը․

«Արցախում դիտորդական առաքելությանը կարող են դեմ լինել միայն այն ուժերը, որոնց միակ հույսը կեղծիքներն են, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը և նմանատիպ այլ մեխանիզմները։ Հեղափոխությունից հետո Արցախում կան մի շարք նմանատիպ ուժեր, որոնք այլ կերպ ի վիճակի չեն ժողովրդի քվեն ստանալ։ Այդ է պատճառը, որ նրանք այդքան անհանգստացած են»։

Պատճառներից մյուսն էլ, ըստ ընդդիմադիր գործչի, այն է, որ տվյալ ուժերից շատերը սերտորեն համագործակցում են Հայաստանի հին ռեժիմի ներկայացուցիչների հետ, այդ մանիպուլյացիայի մաս են հանդիսանում և պարզապես հրահանգներ են կատարում։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն, ըստ նրա, վերջին շրջանում դարձել է շատ վտանգավոր խաղի մի մասը, որը կազմակերպվում է Երևանում մերձսերժսարգսյանական շրջանակների կողմից, որոնց միակ նպատակն է՝ ՀՀ կառավարության դեմ տարատեսակ սադրանքներ անելն է։

«Այն հայտարարությունը, որ դիտորդական առաքելությունը միջամտություն է ներքին գործերին, պարզապես զավեշտալի է, որովհետև Արցախի իշխանություններն իրենք էին տարիներ շարունակ աղերսում, որ տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ գան, այդ թվում նաև՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ», ֊ հիշեցրել է Գրիգորյանը՝ նկատելով՝ ներքին գործերին միջամտությունն այն է, որ արցախյան պաշտոնյաները Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց թույլ են տալիս մեկնաբանել այս կամ այն ուժի ներկայացուցչի կողմից հնչեցված հայտարարությունները, կամ երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը գալիս է Երևան և մարտի 1-ի գործի շրջանակներում, փաստորեն, խառնվում ներհայաստանյան գործընթացներին․ «Թող պարոն Բալասանյանն ու նրա նորաթուխ ընկերներն սրա մասին մտածեն և ոչ թե ընտրությունների և դիտորդական առաքելության մասին»։

Մեկնաբանելով Բալասանյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ Պահուստային ֆոնդից գումար տրամադրելով, հարցի տակ է դրվում Արցախի ինքնիշխանությունը, «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակի գործադիր տնօրենը ևս մեկ անգամ նշեց, որ չի ցանկանում քաղաքական գնահատականներ տալ, սակայն անդրադարձավ իրավաչափության հարցին՝ ասելով, որ եթե իրենց առաքելությունը հակասեր Արցախի Սահմանադրությանը, իրենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից՝ դիտորդություն իրականացնելու հրավեր չէին ստանա։ Ինչպես նաև ԿԸՀ֊ը չէր հավատարմագրի կազմակերպության դիտորդներին։

«Իհարկե, այս ծավալներով առաքելությունն աննախադեպ է․ մոտ 80 տեղամաս ենք մենք դիտարկելու, նաև ունենալու ենք շրջիկ խմբեր, որոնք պարբերաբար ինֆորմացիա են տալու։ Բայց եթե ուզում եք, ավելի բաց խոսենք։ Այս առաքելության իրականացման արդյունքում չի բացառվում, որ մեր երկու կազմակերպությունները խնդիրներ ունենան միջազգային գործընկերների հետ։ Եվ երբ մարդիկ խոսում են ազգային և պետական շահից, մենք էդ շահը շատ լավ գիտակցում ենք, և այս փուլում այն վեր ենք դասել  մեր միջազգային գործընկերների հետ հարաբերություններից», ֊ եզրափակեց Թոքմաջյանը։

Tekali Taxi